.jpg)
Իվանիշվիլին ստիպված է եղել պարզաբանելիր հայտարարությունները
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մեկ անգամ ևս հստակեցրել է իր դիրքորոշումը` կապված Եվրասիական միության հետ: Ինչպես նշվում է հայտարարության մեջ, վարչապետը «զարմացած է իր պատասխանի շուրջ ստեղծված աժիոտաժից»:
«Գրուզիա օնլայն» լրատվական կայքը հայտնում է, որ չորեքշաբթի օրը վարչապետը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Եվրասիական միության հետ կապված որևէ դիրքորոշում չունի և որ այն մանրակրկտորեն դիտարկվում և ուսումնասիրվում է:
«Եթե հեռանկարում տեսնենք, որ այն հետաքրքրում է մեր երկրի ռազմավարությանը, ինչո՞ւ ոչ»,- նկատել է վարչապետը:
Վարչապետի այդ հայտարարությունը քաղաքական գործիչների շրջանում մեծ խառնաշփոթ էր առաջացրել, ովքեր համարում էին, որ վարչապետը սկսում է մտածել Եվրասիական միություն հնարավոր մուտքի մասին, ինչը գնահատվում է որպես Վրաստանի` եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին ինտեգրվելու ռազմավարական կուրսի խախտում:
«Ինչպես երևում է, կան մարդիկ, ում համար իմ երեկվա խոսքերը լրացման կարիք ունեն, այդ պատճառով ևս մեկ անգամ հայտարարում եմ. եթե ինչ-որ տեղ Եվրասիական միության ու մեր երկրի շահերը համընկնեն, բայց այնպես, որ այն չհակասի Վրաստանի հայտարարած հիմնական ռազմավարությանը, մենք առաջիկայում կդիտարկենք նաև այդ հարցը: Եվ ևս մեկ անգամ հայտարարում եմ. ինչո՞ւ ոչ: Վրաստանին պահանջվում է կարգավորել հարաբերություններն ինչպես հարևան երկրների, այնպես էլ ռազմավարական դաշնակիցների հետ: Մենք, որպես պետություն, պարտավոր ենք կարգավորել այդ հարաբերությունները բոլորի և իհարկե, Ռուսաստանի հետ:
Ինչ վերաբերում է խառնաշփոթին, բնականաբար, Ազգային շարժման որոշ ներկայացուցիչների ձեռնտու է դրանց միջոցով մանիպուլիացիայի ենթարկել: Հավերժական թշնամու կերպարի կերտումը մտնում է նրանց հետաքրքրությունների մեջ, որպեսզի ծածկեն իրենց մեղքը երկրի ու ազգի առաջ:
Եվս մեկ անգամ հայտարարում եմ արդեն հազար անգամ հայտարարված երկրի հիմնական ռազմավարական կուրսը` ԵՄ-ին և եվրաատլանտյան տարածությանը Վրաստանի ինտեգրումն այլընտրանք չունի, դա մեր քաղաքականության անկյունաքարն է»,- հայտարարել է վարչապետը: