.jpg)
Կյելլինի. «Բուլղարիայի հավաքականը կարող է անակնկալ մատուցել»
Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Ջորջո Կյելլինին իր թիմակիցներին զգուշացրել է, որպեսզի լրջորեն մոտենան Բուլղարիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպմանը: Ի դեպ, իտալացիները բուլղարացիներին հաղթելու դեպքում կարող են լուծել եզրափակիչ դուրս գալու հետ կապված բոլոր խնդիրները:
«Իտալիայի հավաքականը միայն «Յուվենթուսի» ֆուտբոլիստներով չէ համալրված: Այստեղ տարբեր ակումբների խաղացողներ են հավաքված, իսկ արդյունքի համար բոլորս ենք պատասխան տալիս,- նշել է Կյելլինին:- Օրինակ` շատ ֆուտբոլիստներ կան «Միլանից»: Իհարկե, եթե ակումբներում հանդես ենք գալիս բարձր մակարդակով, վստահությունը դրսևորվում է նաև միջազգային հանդիպումներում:
Հավատացեք, մենք համախմբված կոլեկտիվ ունենք: Տղաները պայքարում են միմյանց փոխարեն, անկախ ակումբային պատկանելությունից: Առայժմ եզրափակիչ փուլի ուղեգիր չենք նվաճել, ուստի չպետք է թուլանանք: Բուլղարիայի ընտրանին այնպիսի մրցակից է, որը կարող է անակնկալ մատուցել: Դա գերազանց թիմ է: Հիմա մեր հավաքականում բոլորը կենտրոնացած են միայն Բրազիլիայի ուղեգիր նվաճելու խնդրի լուծման վրա»: