«Ծառուկյանը մշտապես ջերմ է խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին»
06/09/2013 12:27

«Ծառուկյանը մշտապես ջերմ է խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին»

Բանակցություններ վարողները, ԱԳՆ պատասախնատատուները որևէ տեղեկատվություն չեն ներկայացրել Մաքսային միության և Եվրամիության հետ տարվող գործընթացների վերաբերյալ, հետևաբար որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ կլինի խորհրդարանում, երբ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ փաստաթուղթը ներկայացվի ԱԺ: Aysor.am-ի հետ զրույցում նման դիտարկում ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

«Երբ քաղաքական ուժերին տեղեկատվություն կտրամադրվի, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի մենբանել, թե ինչպես են քաղաքական ուժերը` մասնավորապես ԲՀԿ-ն խորհրդարանում քվեարկելու: Երբ մենք կունենք այդ գործընթացների վերաբերյալ հստակ տեղեկատվություն պաշտոնյաներից և ոչ թե ինչ-որ ենթադրություններ, կանխատեսումներ կամ բարի ցանկություններ, այդ ժամանակ էլ մեր դիրքորոշումը կհայտնենք»,- մանրամասնեց Ն. Զոհրաբյանը:

Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ երբ կայացված է քաղաքական որոշում, երբ ՌԴ ԱԳ նախարարն ինքն է հայտարարում, որ Հայաստանի քաղաքական որոշումը կայացված է, դրանից հետո, Ն. Զոհրաբյանի խոսքերով, ինչ էլ գա խորհրդարան, ԱԺ մեծամասնությունը մեկ մարդու պես կողմ է քվեարկելու:

«Այս դեպքում կարևոր էր, որ մինչև քաղաքական որոշումը կայացնելը խնդիրը քննարկվեր քաղաքական ուժերի հետ»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ջերմ հայտարարություններին, Ն. Զոհրաբյանը նկատեց, որ իրենց առաջնորդը մշտապես ջերմ է արտահայտվել այդ հարաբերությունների վերաբերյալ` անկախ նրանից, թե ինչ որոշում ընդունվեց սեպտեմբերի 3-ին Մոսկվայում:
 

«Ծառուկյանը մշտապես ջերմ է խոսել հայ-ռուսական հարաբերությունների մասին»