.jpg)
Չինաստանի նախագահը Օբամային. Սիրիական խնդիրը ռազմական լուծում չունի
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ G20-ի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ուժի միջոցով, և քաղաքական ճանապարհով լուծում գտնելու կոչ է արել: Այս մասին հայտնում է Xinhua գործակալությունը:
«Քաղաքական լուծումը սիրիական ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհն է, և ռազմական գործողությունները չեն կարող արմատապես լուծել խնդիրը»,- ասել է Ծինփինը:
Չինաստանի նախագահն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա երկու սկզբունքներ. այն է հետևել միջազգային իրավունքին և մերժել քիմիական զենքի կիրառումը: Ըստ նրա՝ միջազգային հանրությունը պետք է խթանի «Ժնև-2»-ի անցկացումը՝ հնարավորինս արագ քաղաքական անցման գործընթացը սկսելու համար:
Իր հերթին Օբաման Ծինփինին հայտնել է Սիրիայի ճգնաժամի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը՝ ասելով, որ շարունակելու է այս հարցի շուրջ կապ պահպանել չինական կողմի հետ:
Նշենք, որ օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենքի կիրառման փաստի կապակցությամբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատրաստվում է սահմանափակ ռազմական գործողություններ սկսել Սիրիայի դեմ: ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 4-ին կողմ է քվեարկել Սիրիայում ռազմական գործողություններ սկսելուն:
Սենատը բանաձևի նախագիծն ամբողջ կազմով կքննարկի սեպտեմբերի 9-ից ոչ շուտ: