.jpg)
Երևանի կոնյակի գործարանը Արարատից խաղող կմթերի 145 դրամով
Երևանի կոնյակի գործարանը սեպտեմբերի 9-ից կսկսի խաղողի մթերումը Արարատի մարզի Այգավանի մասնաճյուղից: Այս մասին տեղեկացնում են գործարանի մամուլի ծառայությունից:
Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 145 դրամ` Արմավիրի և Այգավանի մասնաճյուղերի համար և 135 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար (նախորդ տարվա 140 և 130 դրամի փոխարեն): Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Նախատեսվում է մթերել 35 000 տոննա խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը:
Ընկերության հետ համագործակցող և ապառիկ եղանակով բուժանյութեր ստացած այն խաղողագործների պարտքերը, ում բերքը ս.թ. մայիսի 12-ին տեղացած կարկտահարության հետևանքով ամբողջությամբ վնասվել է, 100%-ով կզրոյացվեն:
Նախնական հաշվարկով` Արմավիրի մարզում Երևանի կոնյակի գործարանը կզիջի առավել քան 340 խաղողագործի պարտք, ինչը կազմում է մոտ 54 միլիոն դրամ: