Տնտեսագետ. Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճը սխալ ձևով է հաշվարկում
07/09/2013 16:00

Տնտեսագետ. Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճը սխալ ձևով է հաշվարկում

Այն, որ մեր երկրում ներկրումը և արտադրությունը խիստ գերկենտրոնացված է, բոլորիս էլ հայտնի է, որ մեկը ներկրում է ամբողջ շաքարավազի 98 տոկոսը, իսկ 2 տոկոսն էլ ներկրում` ուրիշ ազգանունով: Արդյունքում չի կարող մրցակցություն կամ տնտեսական օրինաչափությունն լինել: Լրագրողների հետ հանդիպմանը նման դիտարկում ներկայացրեց Հայաստանի սպառողների ասոցացիա ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Ասուլիսին մասնակից տնտեսագետ Սամվել Ավագյանն էլ ներկայացրեց վիճակագրություն, ըստ որի, համատարած թանկացումներ են: Օգոստոսի դրությամբ` նկատվում է 9.3 տոկոս գնաճ, որը, տնտեսագետի խոսքով, վերջին երկու տարվա ամենաբարձր ցուցանիշն է, ավելի բարձր գնաճ արձանագրվել է 2011-ին` 11 տոկոսով:

Օգոստոսի դրությամբ միրգ ապրանքախմբում կա 25 տոկոս գնաճ, բանջարեղեն ապրանքախմբում՝ 32 տոկոս, իսկ կոմունալ ծառայություններ ապրանքախմբում կա 19 տոկոս գնաճ. «Եթե հավատանք գյուղնախարարությանը, ապա գյուղատնտեսության լուրջ աճ կա, սակայն միայն բուսաբուծության արտադրության մեջ կա 8 տոկոս աճ»,- ասաց նա և ավելացրեց, որ եթե բուսաբուծության մեջ կա 8 տոկոս գնաճ, ապա մրգերի ու բանջարեղենների գները չեն կարող 20-30 տոկոս բարձրանալ:

Շարունակելով խոսքը` Ս. Ավագյանը նշեց, որ այսպիսով` կա՛մ առաջացել է հակասություն, կա՛մ  վիճակագրությունը հիմնավոր չէ, կամ էլ գների հաշվարկն է սխալ. «Այսինքն` Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը գնաճը սխալ ձևով է հաշվարկում»: 

Ի պատասխան Ա. Պողոսյանը նկատեց, որ բոլոր երկրներում էլ ապրանքների գներն աճում են, բայց դրան զուգահեռ բարձրանում են նաև աշխատավարձերն ու թոշակները: 

Եզրափակելով խոսքը` նա նշեց, որ Հայաստանում գներն աճում են անկառավարելի, անվերահսկելի ձևով, ինչն անտրամաբանկան է:

Տնտեսագետ. Ազգային վիճակագրական ծառայությունը գնաճը սխալ ձևով է հաշվարկում