.jpg)
Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր կմշակվի
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրեց խորհրդակցություն Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամների մասնակցությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
Խորհրդակցության օրակարգի շրջանակներում զեկույցներ ներկայացվեցին Սևանի լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների, լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի դրույթների վերևաբերյալ:
Նշենք, որ ցանցավանդակային եղանակով Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների աճեցման պիլոտային ծրագիրը մեկնարկել է 2012թ.-ի օգոստոսից:
Պիլոտային փուլի հիմական նպատակն է գնահատել Սևանա լճի տարածքում ցանցավանդակային ձկնաբուծության տնտեսական արդյունավետությունը, ազդեցությունը շրջակա միջավայրի ու լճի էկոհամակարգի վրա, ինչի նպատակով լճում ընտրվել է 4 մոնիթորինգային դիտակետ:
Պիլոտային փուլի իրականացման նպատակաով լճում` Շորժա գյուղին հարող տարածքում, 2012թ.-ի օգոստոսին տեղադրվել է 4 ցանցավանդակ: Օգոստոսից հոկտեմբեր Արարատի և Վայոց ձորի մարզերում գտնվող ձկնաբուծական տնտեսություններից գնվել և ցանցավանդակներ է տեղափոխվել 50 հազար Գեղարքունիքի իշխանի մանրաձուկ:
Ձկները կերակրվում են դանիական «Բիոմար» ընկերության արտադրած կերով:
Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով խորհրդակցության ժամանակ քննարկվող հարցերին, նշեց, որ օրակարգում էր երկու հարց` հանձնաժողովի կատարած աշխատանքները և Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների հարցը:
Հանձնաժողովի աշխատանքներից, Վ. Մովսիսյանը մանրամասնեց լճի բարձրացմանն ուղղված ջանքները, որի համար հատկացված էր 1 մլրդ 120 մլն դրամ. կատարվել է աշխատանքների 50 տոկոսը, լճի մաքրության հարցը` կենտրնում լուսաթափանցելիությունը հասնում է 10-11 մետրի, ափերում 8-8.5 մետր և կենսաբազմազանության պահպանությունը:
Պահպանության համար Սևանը վերջին տարիներին համալրվել է իշխանի մանրաձկներով. շուրջ 1 մլն 800 հազար մանրաձուկ է լցվել Սևան, որի ընդհանուր արժեքը կազմել է 428 մլն դրամ:
Նշենք, որ շուտով կմշակվի նաև Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր: Նախատեսվում է լճում էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիր մշակել և հոկտեմբերի ներկայացնել Կառավարություն: