ՄԱԿ-ը, չնայած վտանգին, Սիրիայում շարունակելու է իր աշխատանքները
07/09/2013 11:42

ՄԱԿ-ը, չնայած վտանգին, Սիրիայում շարունակելու է իր աշխատանքները

ՄԱԿ հումանիտար հարցերի վարչության ղեկավար Վալերի Ամոսը, ով այս շաբաթ այցելել էր Դամասկոս, հայտարարել է, որ չնայած դժվար և վտանգավոր պայմաններին, կազմակերպության հաստատությունները շարունակելու են իրենց աշխատանքները Սիրիայում և հարևան երկրներում: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Սիրիան և հարևան երկրները չտեսնված մասշտաբներով հումանիտար ճգնաժամ են ապրում: Ռազմական գործողությունները հասարակ քաղաքացիների համար ծանր հետևանքներ են ունենում: Բնակավայրերի վրա անկանոն կրակ են բացում: Քաղաքներն ամբողջությամբ շրջափակման մեջ են հայտնվում»,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ամոսը:

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը վստահեցրել է, որ միջազգային կազմակերպությունը Սիրիայում շարունակելու է իր աշխատանքները: Նրա խոսքով, այս պահին ՄԱԿ-ը Սիրիայում ունի մոտ 4500 աշխատակից, ովքեր աշխատում են հասարակական կազմակերպությունների և տեղի համայնքների հետ: Նրանք օգնում են տեղ հասցնել օգնությունը ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

Ամոսը նաև ասել է, որ Սիրիայի ներսում անհրաժեշտ է ուժեղացնել քաղաքացիների պաշտպանությունը՝ մատնանշելով սեռական և կրոնական հողի վրա բռնությունների աճը: Նրա խոսքով, սիրիացիների մեկ երրորդը հրատապ մարդասիրական օգնության կարիք ունի, թեև ճգնաժամը այս կամ այլ կերպ վերաբերում է Սիրիայի բոլոր բնակիչներին:

Նշենք, որ Սիրիա կատարած այցի ժամանակ Վալերի Ամոսը հանդիպումներ է ունեցել կառավարության և հումանիտար կազմակերպությունների հետ, քննարկել մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցերը:

2011 թվականի մարտից Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 100.000 մարդ: Երկու միլիոն սիրիացի ապաստան է գտել հարևան երկրներում, որոնց օգնելու համար անհրաժեշտ է 3,5 միլիարդ դոլար:Ավելի քան 5 միլիոնը տեղահանվել են երկրի ներսում: Բացի այդ, 6.8 միլիոն սիրիացի շտապ հումանիտար օգնության կարիք ունի, որի կեսը երեխաներ են:

ՄԱԿ-ը, չնայած վտանգին, Սիրիայում շարունակելու է իր աշխատանքները