Վատիկանում միասնաբար կաղոթեն Սիրիայի խաղաղության համար
07/09/2013 10:50

Վատիկանում միասնաբար կաղոթեն Սիրիայի խաղաղության համար

Այսօր Վատիկանում հավատացյալները միասնաբար աղոթելու են Սիրիայի խաղաղության համար: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կոչով հազարավոր հավատացյալներ հավաքվելու են Սուրբ Պետրոսի հրապարակում: 

Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նշենք, որ Հռոմի պապը նման կոչով հավատացյալներին դիմել է դեռևս անցած շաբաթ: Պապը կոչ է արել աղոթել ողջ աշխարհի խաղաղության համար, սակայն նկատի ունենալով վերջին օրերի իրադարձությունները, աղոթքը նախ և առաջ Սիրիային է վերաբերելու:

Աղոթքը կսկսվի տեղական ժամանակով 19:00-ին և կտևի 4 ժամ: Հռոմի իշխանությունները անվտանգության հատուկ միջոցառումներ են ձեռնարկել:

Միասնական աղոթքին կմիանան հավատացյալներ ողջ աշխարհից՝ Մերձավոր արևելքից, անգամ Սիրիայից ու ԱՄՆ-ից, քաղաքական գործիչներ, այդ թվում նաև իտալական կառավարության ներկայացուցիչներ, տասնյակ միջազգային կազմակերպություններ: 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել դադարեցնել բռնությունները Սիրիայում, և աշխարհի պետությունների առաջնորդներին խնդրել է թույլ չտալ ռազմական միջամտությունը Սիրիայում:

Հիշեցնենք, որ Սիրիայի շուրջ իրավիճակը սրվեց օգոստոսի 21-ից հետո, երբ հայտարարվեց  կառավարական ուժերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին:

Նշենք, որ այդ օրերին Դամասկոսի արվարձաններում, ըստ տարբեր տեղեկությունների, մահացել է 600-1300 մարդ: ԱՄՆ-ն շտապեց պաշտոնական Դամասկոսին մեղադրել քիմիական զենքի կիրառման մեջ և հայտարարեց, որ դիտարկում են ռազմական միջամտության հարցը:

 

Վատիկանում միասնաբար կաղոթեն Սիրիայի խաղաղության համար