.jpg)
ԼՂՀ ԱԺ նախագահը ընդունել է դանիական պատվիրակության ներկայացուցիչներին
Սեպտեմբերի 9-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Դանիայի Թագավորության խորհրդարանի՝ Ֆոլկետինգի, պատգամավորներ Եվա Կյեր Հանսենին, Մյոլլեր Մարի Կրարուպին և նրանց ուղեկցող անձանց՝ հասարակական գործիչների, տարբեր լրատվամիջոցների ներկայացուցիչների, ովքեր նախօրյակին Արցախ են ժամանել մեկօրյա ճանաչողական այցով։
Պատվիրակությանն ուղեկցում է Դանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Աղաջանյանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
«Ողջունելով հյուրերին ու գոհունակություն հայտնելով այցի կապակցությամբ, ԱԺ նախագահը կարևորեց այն։ Համոզված եմ, ասաց նա, ձեր այցն ամենալավ միջոցն է իրավիճակին անմիջականորեն տեղում ծանոթանալու համար, առավել ևս, որ առանց նման շփումների դժվար է պատկերացնել որևէ հիմնախնդրի լուծում կամ հակամարտության կարգավորում, լինի այստեղ, թե աշխարհի մեկ այլ վայրում։
Իր հերթին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տիկին Հանսենը հայտնեց, որ առաջին անգամն են այստեղ և մտադիր են տարբեր հանդիպումների ընթացքում շատ բան իմանալ Լեռնային Ղարաբաղի մասին։
Զրույցի ընթացքում շոշափվեցին տարաբնույթ հարցեր՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքի, Ազգային ժողովի կառուցվածքի ու կազմի, օրենսդրական գործունեության, օրենսդիր մարմնում ներկայացված կուսակցությունների, երկրի սոցիալ-տնտեսական, հոգևոր-մշակութային կյանքի հետ։
Պատասխանելով դանիացի պատգամավորների և նրանց ուղեկիցների հարցերին, ԱԺ նախագահը հարկ եղած պարզաբանումներ տվեց դրանց։
Նույն օրը՝ սեպտեմբերի 9-ին, Դանիայի Թագավորության խորհրդարանի՝ Ֆոլկետինգի, պատգամավորներ Եվա Կյեր Հանսենը, Մյոլլեր Մարի Կրարուպը և նրանց ուղեկցող հասարակական գործիչները, լրատվամիջոցների ներկայացուցիչները ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ առանձնազրույցից հետո մասնակցեցին ավելի լայն շրջանակով հանդիպման։
Դանիացի հյուրերին հետաքրքրում էին Արցախի խորհրդարանական կուսակցությունների դավանած գաղափարախոսությունների նմանություններն ու տարբերությունները, նրանց դիրքորոշումներն ամենատարբեր բնագավառներում և ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչև մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները, առկա քաղաքական, սոցիալ-տնտեսական և հոգևոր-մշակութային հիմնախնդիրների ու խնդիրների լուծման ուղիների տեսլականները։
Զրույցի ընթացքում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, ի պատասխան հյուրերի բազմազան հարցերի, հանդես եկան համապատասխան պարզաբանումներով։
Նույն օրը Դանիայից ժամանած պատվիրակությունը մեկնեց Ստեփանակերտից՝ ճանապարհին կանգ առնելով Շուշիում և հանդիպում ունենալով Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ»,- նշված է հաղորդագրությունում։