.jpg)
Խաղողի ինքնարժեքը 80 դրա՞մ է, թե 125. Բանավեճ Այգավանում
Այսօր Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում սկսվեց խաղողի մթերումը: Գործարանը նպատակ ունի առաջիկա տարիներին խաղողի մթերումն ավելացնել, արտադրանքի ծավալների ավելացման միտում ևս կա, իսկ Մաքսային միությանը միանալու դեպքում` գործարանի գործերն ավելի հաջող կընթանան, քանի որ արատդրության զգալի հատվածը իրացվում է ՌԴ-ում:
Թեև լրագրողներին Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը հայտարարեց, որ այս տարվա խաղողը որակապես ավելի լավն է, քան 5 տարի առաջ, գյուղացիներն էլ սկսել են «լույսի պես խաղող» աճեցնել, սակայն մթերվող խաղողի մեջ կային խաղողի տերևներ և ճյուղիկներ, որը նախընտրելի է, որ կոնյակի արտադրության մեջ չլինեն:
Արա Գրիգորյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդիպեցին խաղողի մթերման գներից դժգոհող խաղողագործների հետ:
Գյուղացիներից մեկի հաշվարկով, խաղողի ինքնարժեքը կազմում է 125 դրամ, և ակնկալում էր, որ ԵԿԳ-ն ավելացնի մթերման գինը, քանի որ մոտ 1 հա խաղողի այգուց ստացել է 20 տոննա բերք, իսկ մեկ կգ-ն 145 դրամով հանձնելու դեպքում` ողջ տարվա աշխատանքի դիմաց իրեն կմնա 400 հազար դրամ. «Չեմ կարում ապրեմ, երեխեքս թողել-փախել են ստեղից»:
Արա Գրիգորյանը շեշտեց, որ իրենք էլ ունեն հաշվարկներ և ըստ այդմ` դեռ 65 դրամ մեկ կգ-ի մեջ իքնանրժեքից ավելին են վճարում խաղողագործներին. «Խաղողի մթերման գնի բարձրացումը ոչ ձեր խնդրանքով, ոչ էլ իմ բարի կամքով չի լինելու, դա բիզնես է»:
Ա. Գրիգորյանը հիշեցրեց, որ 130 դրամ է ըստ պայմանագրի, որը կնքվել է յոթ տարի ժամկետով. Սակայն նշվա՞ծ է, թե այդ տարիների ընթացքում գինը կփոխվի` չպարզվեց:
Սերգո Կարապետյանն էլ փորձում էր կողմերին հաշտեցնել, որ գյուղնախը չի ցանկանում ոչ բիզնեսին վնասել, ոչ էլ գյուղացուն նեղել, սակայն «խաղաղարարի» դերը, կարծես թե, չստացվեց: Նախարարը հիշեցրեց էժան գյուղվարկերի, սուբսիդավորվող դիզվառելքի ու պարարտանյութի մասին, որին գյուղացիները լսեցին, ինչպես անընկալելի արժեքների, քանի որ նրանցից մեկը նշեց, որ վարկերի ձեռքը կարկն են ընկել` չեն կարողնում մարել, դիզվառելիք չեն տեսել, իսկ վրացական պարարտանյութը անորակ է:
Գյուղացիներից մեկը հիշեցրեց, որ Ա. Գրիգորյանը երկու տարի առաջ խոստացել էր 2013 թ.-ին խաղողը մթերել 200 դրամով, այդ խոստման մասին Ա. Գրիոգորյանը ոչ մի կերպ չհիշեց:
Արա Գրիգորյանը հայտարարեց, որ մեկ դրամ էլ չի ավելացնելու խաղողի մթերման գինը, և գյուղացիները կարող են, որտեղ ցանկանում են վաճառել խաղողը: Գյուղացիները նշեցին, որ խաղողի միջազգային գները բարձր են` տեղեկացել են ինտերնետից, ԵԿԳ-ն պարզվեց նույնպես ինտերնետով ուսումնասիրություններ է կատարում, սակայն խաղողի բարձր գինի կարծես թե չի ֆիքսել:
Գյուղացիները դժգոհեցին, որ մյուս խաղող մթերողները սպասում են, թե ինչ գնով է սկսելու մթերումը ԵԿԳ-ն, ըստ այդմ` գին թելադրում:
Բանավեճից հետո` տեսնելով, որ ԵԿԳ-ն «մեկ դրամ» էլ չի ավելացնելու «լուսի պես խաղողի» մթեման գինը, դժգոհող գոյւղացիները ձեռքները հուսահատ թափ տալով հեռացան: Բանավեճից հետո Արա Գրիգորյանը աշխատակցին հրահանգեց առավել ուշադիր լինել բողոքող խաղողագործների խաղողի նկատմամբ: