.jpg)
ՄՕԿ-ը քվեարկեց ըմբշամարտի օգտին
Միջազգային օլիմպիական կոմիտեն իր համաժողովում քվեարկել է այն բանի օգտին, որ ըմբշամարտ մարզաձևը մնա 2020 թ. օլիմպիական խաղերի ծրագրում, որը կկայանա Տոկիոյում:
Բուենոս Այրեսում կայացած համաժողովի ընթացքում ՄՕԿ-ի անդամները պետք է ընտրեին երեք մարզաձևից մեկը` ըմբշամարտ, սոֆթբոլ և սքվոշ: Առաջինի օգտին քվեարկեց 49, երկրորդի օգտին` 24, իսկ երրորդի օգտին` 22 մարդ: Այսպիսով` ըմբշամարտն ընդգրկված կլինի ինչպես Տոկիոյում կայանալիք 2020 թ., այնպես էլ 2024 թ. օլիմպիական խաղերի ծրագրում:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Նենադ Լալովիչը հատուկ այս առիթով հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ այսուհետ մարզաձևը շարունակելու է փոփոխությունների ենթարկվել` վերածվելու համար այնպիսի մարզաձևի, որը կարող է և պետք է ընթանա ժամանակին համապատասխան` դառնալով ավելի դիտարժան: Միաժամանակ բարեփոխումներ կկատարվեն մրցավարական կորպուսում, որի արդյունքում միջազգային ֆեդերացիայի ղեկավար մարմինների ներկայացուցիչներն այլևս չեն կարողանա ընդգրկվել մրցավարական հանձնաժողովներում: Արդեն սեպտեմբերի 16-ին Բուդապեշտում կայանալիք աշխարհի ըմբշամարտի առաջնությունը պետք է անցկացվի նոր կանոններով: