Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել՝ անձնական երաշխավորությամբ
09/09/2013 20:16

Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել՝ անձնական երաշխավորությամբ

Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա անձնական երաշխավորությամբ ազատ է արձակվել: Այս մասին «Փաստինֆոյի» թղթակցին այսօր հայտնեց Գ.Խաչատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի սեպտեմբերի 6-ի որոշմամբ, Գ.Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Դատարանն այն ժամանակ մերժել էր պաշտպանական կողմի միջնորդությունը կալանավորման փոխարեն գրավ կիրառելու մասին: Պաշտպանական կողմը երեկ դիմել էր Երեւան քաղաքի դատախազություն` կալանավորումը վերացնելու ու անձնական երաշխավորությամբ Գ.Խաչատրյանին ազատ արձակելու միջնորդությամբ, ինչը բավարարվել է:

Գ. Խաչատրյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերով խարդախություն: Նկատենք, որ եթե Գ.Խաչատրյանը երեկ ազատ է արձակվել, ապա նրա պետը` Արմեն Մովսիսյանը, ձերբակալվել է` մի խումբ անձանց հետ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: Քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են նրանց պետերը:

Ընդ որում, չարաշահումներն ընդգրկել են տարբեր ընդհանուր իրավասության դատարանների դատական կարգադրիչների կառույցներ:  

Գագիկ Խաչատրյանն ազատ է արձակվել՝ անձնական երաշխավորությամբ