Մարգվելաշվիլին և Բուրջանաձեն` Վրաստանի նախագահի հիմնական թեկնածուներ
09/09/2013 18:24

Մարգվելաշվիլին և Բուրջանաձեն` Վրաստանի նախագահի հիմնական թեկնածուներ

«Այսօրվա դրությամբ Վրաստանում իր վերջնական փուլին է հասնում նախընտրական քարոզարշավը: Այս պահին դիմումների ընդունման վերջնաժամկետը անցել է և ԿԸՀ թեկնածության 54 դիմում է ստացվել»,-Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավին ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նա նշեց, որ այս պահին պայքարը ընթանում է 3 հիմնական թեկնածուների միջև` իշխող կոալիցիայի ներկայացուցիչ Գեորգի Մարգվելաշվիլու, նախկին իշխանություններից` «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Դավիդ Բաքրաձեի, ինչպես նաև Նինո Բուրջանաձեի միջև:

«Այսօրվա դրությամբ հիմնական պայքարը կարող է ընթանալ Նինո Բուրջանաձեի և Մարգվելաշվիլիի միջև, քանի որ նախկին իշխանությունները այլևս չունեն բնակչության աջակցությունը և «Վրացական երազանքը» կաշխատի այն ուղղությամբ, որ Նինո Բուրջանաձեն գրավի 2-րդ պատվավոր տեղը: Դրանով իրենք ցույց կտան, որ իրենց հիմնական մրցակիցը ոչ թե «Միացյալ ազգային շարժումն» է, այլ` Նինո Բուրջանաձեն»,-նշեց Ջ. Մելիքյանը:

Նրա խոսքով, այս պահին քաղաքական ուժերը տարբեր մեթոդներ են կիրառում միմյանց դեմ, օգտագործվում է նաև ռուս-վրացական թեմատիկան և Մաքսային միությանը անդամակցելու հարցերը:

«Նախկին իշխանությունները փորձում են ցույց տալ, որ Բիձինա Իվանիշվիլին ռուսամետ է և օգտագործում են նաև Իվանիշվիլու` Մաքսային միության վերաբերյալ արված վերջին հայտարարությունը, որ իրենք քննարկում են միությանը անդամակցելու հնարավարությունը»,-ասաց բանախոսը:

Ըստ Մելիքյանի, մոտ օրերս սպասվում է Կարասին-Աբաշիձե հանդիպումը, որտեղ հնարավոր է առաջընթաց գրանցվի ռուս-վրացական հարաբերություններում և Պրահայում նախատեսված հանդիպումը կարող է Ռուսատան-Վրաստան հարաբերություններում նոր զարգացումներ ի հայտ բերել:

Անդրադառնալով Վրաստանի նախագահական ընտրություններում հայ համայնքի դիրքորոշմանը, Մելիքյանը նշեց, որ այսօրվա դրությամբ չկա կոնկրետ մեկ թեկնածու, ում կաջակցի հայ համայնքը:

«Այս պահին Ջավախքում իշխանության ղեկին են ազգությամբ հայ նախկին իշխանությունների ներկայացուցիչները և հնարավոր է Բաքրաձեն ստանա ինչ-որ աջակցություն: Իրավիճակը այլ է Աջարիայում, Թբիլիսիում, որտեղ շատ է հիասթափությունը նախկին իշխանություններից»,-ասաց բանախոսը:

Նրա խոսքով, ավելի շատ պայքարը կլինի Բուրջանաձեի և Մարգվելաշվիլու միջև` իշխանություններից հիասթափվածները քվեն կտան Բուրջանաձեին, իսկ հասարակության այն հատվածը, որը չի հիասթավել իշխանություններից` ձայնը կտա «Վրացական երազանք» կոալիցիային:

 

Մարգվելաշվիլին և Բուրջանաձեն` Վրաստանի նախագահի հիմնական թեկնածուներ