Բուդաղյանների պաշտպան. Մենք բողոքարկելու ենք այդ որոշումները
09/09/2013 11:27

Բուդաղյանների պաշտպան. Մենք բողոքարկելու ենք այդ որոշումները

«Այս տարի հունիսի 1-ին դժբախտություն պատահեց Բուդաղյանների ընտանիքում, այս տարի սեպտեմբերի 7-ին դժբախտություն պատահեց մեր արդադատության համակարգում և այն մարդիկ, ովքեր պետք է պատասխանատվություն կրեին, ազատ արձակվեցին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով` այս գործով կայացրած որոշումներին պետք է ոչ թե իրավական գնահատական տալ, այլ բժշկական: «Երեկ ես փորձում էի հասկանալ` որտե՞ղ է օրենքը, իրավական վերլուծությունը, և չկարողացա հասկանալ: Դա ոչ մի ընդհանուր կապ չունի տրամաբանության հետ: Քննիչի կողմից երեք որոշում է կայացվել, մեկով քրեկան հետապնդումը դադարեցվում է Տիգրան Խաչատրյանի, մյուսով` Զարզանդ Նիկողոսյանի  նկատմամբ, և երրորդ որոշմամբ քննիչը ապացուցված է համարում, որ Ավետիք Բուդաղյանը հանցագործություն է կատարել և քրեական հետապնդումը դադարեցվում է նրա մահվան պատճառով: Ըստ այդ որոշումների` ոչ թե Զարզանդն է հարվածել, այլ Ավետիքը, իսկ Սուրիկ Խաչատրյանը քնած է եղել իր դղյակում»,- ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ դեպքը այնպես է ներկայացվել, որ հարձակվողները եղել են Բուդաղյանները, իսկ Խաչատրյանները պաշտպանվել են: «Ոչ մի բան չի ասվել, որ դեպքի վայրում 13 պարկուճ է հայտնաբերվել, որից 11-ը կրակված է եղել Ս. Խաչատրյանի կողմնակիցների կողմից:

Նրանցից հինգը կպել են նշանակետին և միայն երկու կրակոցը արձակված է եղել Ավետիք Բուդաղյանի հրացանից, իսկ մնացածները պաշտպանվելուց 11 կրակոց են արձակվել: Հարցաքննվել են բազմաթիվ անձինք, այդ թվում` Ավետիք Բուդաղյանի կինը, որ գիտեր դեպքի մասին որոշ հանգամանքներ, սակայն դրանք արտացոլված չեն, և թվում է` դրանք չեն էլ եղել: Մնացած որոշումն ամբողջությամբ  հիմնված է խաչատրյանների ցուցմունքների վրա»,- ասաց նա:

Նա նշեց, որ միանշանակ բողոքարկելու է այս որոշումները: «Այստեղ ինքնապաշտպանության մասին խոսք լինել չի կարող, դա ոչ մի կապ չունի ինքնապաշտպանության հետ: Այս որոշմամբ մենք կարող ենք կորցնել հավատը, որ կհասնենք արդարության մեր երկրում, եթե մյուս կողմում ազդեցիկ դեմք է,- ասաց նա և շարունակեց.- Նախաքննությունը շարունակվում է, ունենք մեկ մեղադրայլ` Արտակ Բուդաղյանը, Լորետա Բարսեղյանը այսօր տուժող է: Ունենք մեկ մեղադրյալ, որի նկատմամբ քննություն է տարվում: Մյուս կողմի փաստաբանը միտք հայտնեց, որ իրենք բողոք չեն ունենա և Արտակ Բուդաղյանը պատասխանատվության չի ենթարկի: Ցինիզմը տեսեք, ուր է հասնում»: 

Բուդաղյանների պաշտպան. Մենք բողոքարկելու ենք այդ որոշումները