Քրդերը դադարեցրել են զորքերի դուրսբերումը Թուրքիայից
09/09/2013 17:55

Քրդերը դադարեցրել են զորքերի դուրսբերումը Թուրքիայից

Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալներն այսօր հայտարարել են, որ դադարեցնում են իրենց զինված ստորաբաժանումների դուրսբերումը Թուրքիայի տարածքից: Հայտնում է Reuters գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ` ՔԱԿ ղեկավարներն իրենց որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ Թուրքիան չի կատարում նախապես խոստացված քաղաքական և սոցիալական բարեփոխումները քրդերով վերաբնակեցված տարածքներում: Կուսակցության ղեկավարները միաժամանակ նշել են, որ չեն պատրաստվում խախտել հրադադարը:

Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունն արդեն մի քանի անգամ մտահոգություն է հայտնել առ այն, որ քուրդ զինյալները մնում են Թուրքիայի տարածքում, իսկ Իրաք ուղարկում են կանանց և երեխաներին:

Քրդական զինյալ խմբավորումների Թուրքիայից Իրաք տեղափոխման մասին որոշումը կայացվել էր սույն թվականի գարնանը: Որոշման նպատակն էր դադարեցնել Թուրքիայի հարավարևելյան շրջանում ավելի քան 30 տարի ձգվող զինված հակամարտությունը:

Քրդերը 1978 թ.-ից պայքարում են Թուրքիայի տարածքում ինքնորոշման իրավունքի համար: Այս տարիների ընթացքում թուրք-քրդական հակամարտությանը զոհ է գնացել ավելի քան 40 հազար մարդ: Քրդական կողմի պայքարը գլխավորում է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը ահաբեկչական կազմակերպություն է համարվում Թուրքիայում, ԱՄՆ-ում և Եվրամիությունում:


 

Քրդերը դադարեցրել են զորքերի դուրսբերումը Թուրքիայից