.jpg)
Իրանը Նիզամի Գյանջավիի հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է դատապարտել Ադրբեջանին
Նիզամի Գյանջավիի ստեղծագործությունները պատկանում են Իրանի մշակույթին և պարսից լեզվին: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրտավական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ԻԻՀ Մեջլիսի իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ալի Էսֆանանին:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը, նշել է. «Իմ համոզմամբ Նիզամի Գյանջավին համաշխարհային ժառանգության մաս է կազմում, ըստ այդմ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն պարտավորություն ունի որքան հնարավոր է շուտ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել.
Ա. Կասեցնել գործընթացը
Բ. Պահանջել վնասների փոխհատուցում
Գ. Միջազգային ատյաններում դատապարտել այդ գործողությունները»:
Շարունակելով թեման՝ իրանցի խորհրդարանականը հավելում է. «Նիզամի Գյանջավիի ստեղծագործությունները աղավաղելը, դրանց գիրը փոխելը խախտումներ են համարվում, որոնք պետք է միջազգային իրավունքի տեսակետից քննության ենթարկվեն: Գյաջավիի ստեղծագործությունները պատկանում են Իրանի մշակույթին և պարսից լեզվին: Նրա գործերի գերակշիռ մասը գրվել է պարսկերենով, եթե նա այլ լեզուներով էլ որոշ ստեղծագործություններ էլ ունենա, սա չի նշանակում, որ կարելի է նրա իրական ժառանգությունը վերացնել»:
Նշենք, որ Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծին որպես ադրբեջանական ներկայացնելուց, սեփականացնում է նաև իրանական երաժշտական գործիքները, ինչն էլ հարուցում է իրանցի պաշտոնյաների և արվեստագետների դժգոհությունը.
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաք Ային. «Նիզամի Գյանջավիի բանաստեղծությունները ոչ պարսկերենով կարդալը այնքան տարօրինակ է, որ ասենք Վիկտոր Հյուգոն արաբերենով է ստեղծագործել: Գյանջավիի պոեմները և Ֆերդոուսիի «Շահնամեն» պարսից լեզվի հիմնական աղբյուրներն են համարվում, որոնք պաշտոնապես ճանաչված են թե արևելագետների և թե «ՅՈՒՆԵՍԿՕ»-ի կողմից»:
ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսի. «Որոշ խնդիրներ կան, իհարկե պատմական ճշմարտության հետ կապված: Պետք է հիշել, որ Ադրբեջանը ստեղծվել է 1918 թվականին, իսկ թառը դարերի պատմություն ունի»:
Իրանի Արվեստի ակադեմիայի ավանդական արվեստների ամբիոնի վարիչ Աբդոլմաջիդ Շարիֆզադե. «ԽՍՀՄ փլուզումից հետո որոշ երկրներ ջանքեր են գործադրում հարստացնել իրենց պատմությունն ու մշակույթը՝ աղավաղելով իրանական մշակույթը:
Օրինակ, Ադրբեջանը, վկայակոչելով Գյանջա (Գանձակ) քաղաքը, որը ներկայում գտնվում է իր տարածքում, իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին ներկայացնում է որպես ադրբեջանական: Թեև հարկ է նշել, որ պատմական փաստերը վկայում են, որ Նիզամին ծնվել է Իրանի Ռեյ քաղաքում»:
ԻԻՀ Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Նասրոլլահ Փեժման Ֆար. «Պատմության ընթացքում Իրանին պատկանող հարակից որոշ տարածքներ տարբեր պատճառներով անջատվել են, և դա է պատճառ դարձել, որ որոշ երկրներ մեր գրականության մեծերի պատկանելիության առնչությամբ պահանջներ են ներկայացնում: Նիզամի Գյանջավին պատկանում է Իրանին, և նրանք, ովքեր պնդում են, որ նա իրենցն է, ավելին, քան երևակայություն է»:
ԻԻՀ մշակույթի և իսլամական կողմնորոշման փոխնախարար Բահման Դարի. «Առկա փաստները վկայում են, որ Նիզամի Գյանջևին իրանցի բանաստեղծ է, դա ապացուցելու կարիք չկա, ուղղակի որևէ երկրի կողմից ուրիշի մշակութային արժեքներն իրեն վերագրելը վայելուչ չէ: Ադրբեջանը, չունենալով մշակութային արժեքներ, ստիպված բռնագրավում է այլ երկրների մշակութային արժեքները: Ադրբեջանի նման քայլը բացի մշակութային գողությունից, ուրիշ այլ կերպ հնարավոր չէ որակել»:
ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Ադաբի. «Իրանցի մեծանուն բանաստեղծ Նիզամի Գյանջավիի ինքնության կեղծումը վկայում է Ադրբեջանի մշակութային աղքատության մասին»:
Իրանի երաժշտագետների տան նախագահության անդամ՝ թառահար Դարյուշ Փիրնիաքան. «Թառը դեռևս գործածվում է Իրանում և նրա տարածքից դուրս չի եկել. Թառը պատմականորեն Իրանին պատկանող տարածքում է տարածում ունեցել, հետագայում է այդ տարածքն անջատվել Իրանից: Ավելին պատմական աղբյուրների համաձայն՝ Բաքվում թառ ընդհանրապես գոյություն չի ունեցել»:
Իրանցի երաժշտագետ Բեհրուզ Վեջդանի. «Ադրբեջանի կողմից թառի վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ին այն պարագայում է հայտ ներկայացվում, որ մինչև Ադրբեջանի Հանրապետության ի հայտ գալը, Իրանը թառ ուներ: Ավելին, մինչև Թուրքմենչայի պայմանագիրը Ադրբեջանի ներկայիս տարածքն Իրանի մաս է կազմել»:
Իրանի ազգային գրադարանի և փաստթղթերի կազմակերպության տնօրեն Էսհաղ Սալահի. «Ադրբեջանը նման քայլով ոչ մի արդյունքի չի հասնի: Եվ ընդհանրապես, պատմական և մշակութային գործիչներին «բռնազավթելը» շատ սխալ քայլ է»:
ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Սեյյեդ Աբբաս Արաղչի, «Եթե Ադրբեջանի կողմից Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին գրված պարսկերեն բանաստեղծությունները թյուրքերենով փոխարինվեն, ապա այդ քայլը չի կարող փոխել պարսկալեզու բանաստեղծի պատմական և մշակութային ինքնությունը»:
ԻԻՀ Մեջլիսի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Էբրահիմ Նաքու. «Իրանական հարուստ մշակույթը ոչ մի երկիր չի կարող աղավաղել: Իրանի մշակութային արժեքների հանդեպ Ադրբեջանի դրսևորած քաղաքական վերաբերմունքը քաղաքական անբարոյականության տեսակ է: Ադրբեջանը պետք է Իրանի հանդեպ վերանայի իր քաղաքականությունը»:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալություն. «Նիզամի Գյանջավին էթնիկական տեսանկյունից իրանցի է՝ Իրանի Թաֆրեշ (Թադ) շրջանից է (գտնվում է ԻԻՀ Մարքազի (Կենտրանական) նահանգում): Գյանջավին բացի պարսկերենից ոչ մի բեյթ (երկտող) այլ լեզվով չի գրել: Հետևաբար, ընդամենը 22-ամյա Ադրբեջանը ինչպե՞ս կարող է 12-րդ դարի պարսկալեզու բանաստեղծին համարել ադրբեջանական»:
«ՅՈՒՆԵՍԿՕ»-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Մաջիդի. «Ադրբեջանի կողմից Գյանջավիի բանաստեղծությունները թյուրքերենով փոխարինելը տհաճ քայլ է. Բոլորն էլ գիտեն, որ Գյանջավին պարսկալեզու բանաստեղծ է»: