ԱՄՆ-ն նշել է Սիրիայի վրա չհարձակվելու պայմանը
09/09/2013 15:30

ԱՄՆ-ն նշել է Սիրիայի վրա չհարձակվելու պայմանը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Սիրիան կարող է խուսափել ռազմական հարձակումից, եթե նախագահ Բաշար Ասադը հաջորդ շաբաթվա ընթացքում քիմիական զենքը հանձնի միջազգային հանրությունը: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

«Իհարկե, նա կարող է ողջ քիմիական զենքը հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնել միջազգային հանրությաւնը, փոխանցել առանց հետաձգելու և ամբողջական հաշվետվություն ներկայացնել, սակայն նա չի պատրաստվում դա անել, և չի կարող դա անել»,-ասել է Քերին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ասադի կառավարությունը կարող էր ինչ-որ բան անել կամ առաջարկել հարձակումը կանխելու համար:

Քերին վսհատ է, որ Դամասկոսում օգոստոսի 21-ին քիմիական զենք օգտագործելու հրամանը տվել է Սիրիայի կառավարությունը: Նրա խոսքով, Սիրիայում քիմիական զենքի նկատմամբ վերահսկողություն ունեն երեք մարդ՝ Բաշար Ասադը, նրա եղբայր Մահերը, և ևս մեկ գեներալ:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Միացյալ նահանգները ըմբռնում է Սիրիայի հարցի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը, սակայն դրա համար պայմաններ պետք է ստեղծվեն:

«Նախագահ Օբաման, ես և բոլոր մնացածները հասկանում ենք քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: Մենք հասկանում ենք, որ ռազմական գործողությունները չեն կարող խնդրի լուծմանը ծառայել… մենք դրա շուրջ պատրանքներ չունենք, սակայն խաղաղ կարգավորման համար պայմաններ են պետք…»,-ասել է Քերին՝ չբացառելով Սիրիայում հնարավոր ռազմական գործողությունները:

Ամերիկացի դիվանագետը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է միասնաբար հանդես գա Սիրիայում քիմիական զենքի կիրառման դեմ:

«Մենք, միջազգային հանրությունը, պետք է հանդես գանք քիմիական զենքի կիրառման դեմ… հարկ է հասկացնել տալ… հարկ է ասել, որ այն անթույլատրելի է»,-եզրափակել է Քերին:

Նշենք, որ այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր սիրիացի գործընկերոջ՝ Վալիդ Մուալեմի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ օգոստոսի 21-ին Դամասկոսում քիմիական զենքի կիրառումը լավ բեմադրված միջադեպ էր:
 

ԱՄՆ-ն նշել է Սիրիայի վրա չհարձակվելու պայմանը