Յուրի Բաշմետը սեպտեմբերի 12-ին ելույթ կունենա Երևանում
09/09/2013 19:16

Յուրի Բաշմետը սեպտեմբերի 12-ին ելույթ կունենա Երևանում

Սեպտեմբերի 12-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երևանյան Հեռանկարներ» փառատըոնի շրջանակներում կկայանա «մոլորակի թիվ մեկ ալտահար», դիրիժոր, հայտնի երաժիշտ Յուրի Բաշմետի և «Մոսկայի մենակատարներ» նվագախմբի համերգը:

Փառատոնի գլխավոր մենեջեր՝ Սոնա Հովհաննիսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի նրա այցը Հայաստան առանձնահատուկ բարդ է ստացվել, քանի որ նա ուներ աշխարհի բոլոր երկրներից հրավերներ. «Մենք արդեն հույսներ կորցրել էինք, որ նա այս տարի կգա Հայաստան, սակայն նա ժամանակ գտավ մեր երկիր այցելելու համար: Նա այստեղ վերջին անգամ եղել է 4 տարի առաջ` Գրեմմի ստանալուց հետո: Շքեղ և տոնական ծրագիր է նախատեսվում Յ. Բաշմետը շատ սիրված երաժշիտ է, և նրա հետ շփման առթիը կորցնելը շատ դժվար է, իսկ Մոսկվայի մենակատարների խումբը գրեթե ամբողջովին բաղկացած է ՌԴ ժողովրդական արտիստներից և նվագախմբի աշխատանքի արդյունքն էլ է Գրեմմիի մրցանակ ստանալը»,- ասաց նա:

Ս. Հովհաննիսյանի հավաստմամբ` համերգի բոլոր տոմսերը արդեն գրեթե սպառված են, քանի որ Յ. Բաշմետը շատ սիրված է հայ հանդիսատեսի կողմից, իսկ Յ. Բաշմետն էլ տարիներ շարունակ հայանպաստ գործունեություն է իրականացրել:
«Այս տարի ծրագրում ենք Յ. Բաշմետին շնորհակալություն հայտնել տարիների ընթացքում հայանպաստ գործունեություն իրականացնելու համար: Մենք շատ ենք ուզում այս տարի Հայաստանի վերաբերմունքը ցույց տալ նրա հանդեպ, որովհետև նա հայանպաստ գործով է զբաղվել, աջակցել հայ ալտահարների միջազգային կարիերային, երկարաշարժի տարիներին բաներ է արել, եկել, գնացել է, մենք չենք էլ իմացել: Նույն Ֆրանսիան երկու անգամ նրան Պատվո լեգիոն է շնորհել, թեև Ֆրանսիայի համար նա այդքան բան արած չէր լինի, ինչքան մեզ համար: Շնորհակալությունը, կարծում եմ, և նվերների, և պետության վերաբերմունքի տեսքով կլինի, հստակ չեմ կարող ասել, բայց դա քննարկման դրված է: Նա Հայաստանի մեծ բարեկամն է, և բացի հանճարեղ երաժիշտ լինելուց, շատ լավ ընկեր է: Տաս տարի առաջ Հայաստանում Յ. Բաշմետը հայտարարեց, որ յուրահատուկ թրթիռ ունի հայ հանդիսատեսի առաջ հանդես գալիս, քանի որ նա ամենահասկացող հանդիսատեսն է, որին հնարավոր չէ խաբել»,- ասաց նա:

Հարցին` իսկ Յ. Բաշմետը ցանկություն հայտնե՞լ է որևէ տեղ այցելելու կամ ընդհանրապես` որևէ պահանջ ներկայացրել է, Ս. Հովհաննիսյանը նշեց, որ հատուկ պահանջներ ներկայացնելը հատուկ է էստրադային երգիչներին:

«Դասական երաժշտներին հատուկ չեն նման երևույթները: Նրանց բոլոր պահանջները տրամաբանական են: Յ. Բաշմետը որևէ հատուկ պահանջ չի ներկայացրել, թեև խնդրել է համերգի ժամանակ իրեն լուսարձակմամբ չլուսանկարել: Իսկ ինչ վերաբերվում է այլ հարցերին, ապա մենք փորձում ենք պայմանագրում նշված կետերով խստորեն չառաջնորդվել և անել ավելին, քան նշված է այնտեղ` հյուրասիրությունից սկսած մինչև մարդկային վերաբերմունքը»,- ասաց նա:

Ս. Հովհաննիսյանի խոսքով` հենց դրա շնորհիվ է, որ «Երևանյան հեռանկարներ» փառատոնը հայտնի է դարձել երաժշտական էլիտայի շրջանում:

«Փառատոնի ձեքռբերումներից է, որ վերջին տարիներին արդեն գալիս են ոչ թե մեր երկիր, այլ փառատոնի, դա մեր ամենամեծ նվաճումներից է: Թագավորական Կոնցերտգեբաու նվագախմբի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի ժամանումից հետո Հայաստան արդեն մեզ հետ հաշվի են նստում և աշխարհի բոլոր երկրներում գիտեն, որ կա մի փառատոն, որը իրենց հավասար է: Վիեննայի ֆիլհարմոնիկը տարվա մեջ մի քանի տեղ է գնում և լուրջ ներդրում էր մեր երկրի մշակույթի զարգացման մեջ այն, որ նրանք եկան Հայաստան: Դա նախ և առաջ մարդկային գործոնի արդյունքն է, որովհետև մենք նրանց ժամանելու պահից սկսած իրենց հետ ենք, ինչպես Յ. Բաշմետն է ասել, ոչ մի երկրում ինձ այդպես բարեկիրթ և ոչ կպչուն կերպով չեն ընդունել: Սովորաբար այլ երկրներում նրանք ելույթ են ունենում, ստանում գումար և վարորդը նրանց օդանավակայան է տանում, իսկ մեզ մոտ նրանք հոգատարությամբ են շրջապատված ողջ այցելության ժամանակ: Միգուցե դա է պատճառը, որ նրանք ոչ միայն մեզ մոտ գալու ժամանակ են գտնում, այլև գումարի հարցում զիջումների են գնում: Վիեննայի ֆիլհարմոնիկը իր ողջ պատմության մեջ առաջին անգամ մեզ հետ է գումարի հարցում զիջումների գնացել, իսկ Դմիտրի Խվորոստովսկին անգամ իր հայրենիքում ելույթ ունենալու համար զիջումների չի գնացել, սակայն մեր դեպքում համաձայնվել է, հակառակ դեպքում մենք նման կարգի երաժիշտների չէինք կարողանա տարեկան մեկ հոգուց ավելի հրավիրել»,- ասաց նա:

Ս. Հովհաննիսյանի խոսքով` բոլոր երաժիշտները, որ այցելել են մեր երկիր, այլ երկրներում հիացմունքով են խոսում մեր հյուրընկալության և փառատոնի մասին, ինչի շնորհիվ էլ ամենաբարձր մակարդակի երաժիշտները ընդունում են մեր երկիր այցելելու առաջարկը:

«Փառատոնը աջակցվում է ՀՀ Նախագահի և կառավարության կողմից, և այն, որ թե նախագահը, թե վարչապետը և մշակույթի նախարարը ևս ուշադրություն են հատկացնում հյուրերին, ևս տպավորություն է գործում անգամ ամենաբարձր կարգի երաժիշտների վրա, որոնք սովոր են նման վերաբերմունքի: Ինչպես օրինակ Յ. Բաշմետը, որը այն եզակի մարդկանցից է, ում իր ձեռքը թուլյատրում էր համբուրել արքայադուստր Դիանան և Մոնակոյի արքայազնի մահվան ժամանակ նրա հրավիրեցին նվագելու, քանի որ իր մոտ ընկերն էր»,- ասաց նա:

Նշենք, որ «Երևանյան Հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշրջանը սկիզբ է առել ապրիլի 11-ին Վիեննայի Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով։

Յ. Բաշմետը Մյունխենի ARD հեղինակավոր մրցույթում Գրանպրի մրցանակը ստանալուց հետո մենահամերգներով հանդես է եկել Նյու Յորքի Կարնեգի, Լոնդոնի Բարբիքան, Ամստերդամի Կոնցերտգեբաու, Միլանի Լա Սկալա և այլ հանրահայտ համերգասրահներում։ Իբրև նվագախմբի մենակատար ելույթ է ունեցել դիրիժորներ Մստիսլավ Ռոստրոպովիչի, Սեյջի Օզավայի, Վալերի Գերգիևի, Կուրտ Մազուրի, Չարլզ Դյութոյի, Քենթ Նագանոյի, Գեննադի Ռոժդեստվենսկու, Ջոն Էլիոթ Գարդիների, Յեհուդի Մենուհինի, Սայմոն Ռեյթլի, Նիկոլա Առնանկուրի, Սըր Նևիլ Մարիների, Բերնարդ Հարտինգի, Յուրի Տեմիրկանովի հետ։

Յ. Բաշմետը նվագել է աշխարհի ամենահեղինակավոր նվագախմբերի՝ Բեռլինի, Նյու Յորքի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ, Բեռլինի, Սան Ֆրանցիսկոյի, Բոստոնի, Չիկագոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ, Ռադիո Ֆրանս, Բայարիշե Ռունդֆունկ և Փարիզի նվագախմբերի հետ, իբրև կամերային երաժիշտ հանդես է եկել Սվյատոսլավ Ռիխտերի, Մստիսլավ Ռոստրոպովիչի, Իսահակ Ստերնի, Աննե Սոֆի Մուտերի, Գիդոն Կրեմերի, Մարթա Արգերիխի, Միշա Մայսկիի, Օլեգ Կագանի, Նատալյա Գուտմանի, Վիկտոր Տրետյակովի, Միրեյ Պերահայի, Եվգենի Կիսինի և այլոց հետ։ Համաշխարհային նվագացանկի ավելի քան 50 ալտի կոնցերտ գրվել են հատուկ իրեն համար` կոմպոզիտորներ Սոֆյա Գուբայդուլինայի, Գիյա Կանչելիի, Ջոն Թավեների, Անդրեյ Ռասկատովի և այլոց կողմից։

1996-ին ստեղծել է «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը, որը վերաձևավորվել է 1992-ին։ Նաև նա Ռուսաստանի խոշորագույն` «Նովայա Ռոսիյա» նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է: Նա գեղարվեստական ղեկավար և հիմնադիր է հանդիսանում Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Ռուսաստանում անցկացվող փառատոներում։ Անվերջանալի է Բաշմետի ստացած մրցանակների և պարգևների ցանկը, որոնց թվում են նաև մի շարք երկրների նախագահների կողմից շնորհված բարձրագույն շքանշանները։ 2008-ին Բաշմետը ստացել է նաև Գրեմմի հեղինակավոր մրցանակը։

Բաշմետը Մոսկվայի կոնսերվատորիայի և Լոնդոնի արվեստների ակադեմիայի պրոֆեսոր է։ Նա անցկացնում է վարպետության դասընթացներ Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում և այլուր։ Բաշմետը նվագում է 1758-ին Միլանում պատրաստված Տեստորե ալտով։ 

Յուրի Բաշմետը սեպտեմբերի 12-ին ելույթ կունենա Երևանում