ԱԺ մի խումբ պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին
10/09/2013 15:43

ԱԺ մի խումբ պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին

ԱԺ մի քանի խմբակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը 2012 թվականի հոկտեմբերի 3-ին իր թիվ 1900 բանաձևում ամրագրել է մարդուն քաղաքական բանտարկյալ համարելու չափորոշիչները: Բանաձևի 5-րդ կետն ուղղված է ԵԽ անդամ պետություններին, ուր ասվում է` «Վեհաժողովը ԵԽ անդամ բոլոր պետությունների իրավասու իշխանություններին կոչ է անում վերոհիշյալ չափանիշներին համապատասխան վերագնահատել քաղաքական բանտարկյալ դիտվող անձանց գործերը և ազատել նման բանտարկյալներին, կամ` պատշաճորեն վերաքննել նրանց գործերը»:

Համաձայն հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականների, Տիգրան Առաքելյանի գործը մի քանի չափորոշիչներով համապատասխանում է ԵԽԽՎ-ի կողմից ընդունված սահմանմանը: Տիգրան Առաքելյանի խնդրին անդրադարձ է եղել թե ԵԽ նախարարների կոմիտեի շրջանառվող, թե` ԱՄՆ պետքարտուղարության` Մարդու իրավունքների 2012 թվականի զեկույցում, ինչը վնասում է Հայաստանի միջազգային հեղինակությանն ու ժողովրդավարական վարկին:

Ուստի, կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին` վերոնշյալ բանաձևի ոգուն և տառին համապատասխան քայլեր ձեռնարկել Տիգրան Առաքելյանին անհապաղ ազատ արձակելու համար, ինչպես նաև` վերացնել նույն գործով անցնող ակտիվիստների ազատազրկման սպառնալիքը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյան
«Ժառանգություն» խմբակցությունից` Ռուբիկ Հակոբյան
«Հայ ազգային Կոնգրես» խմբակցությունից` Լևոն Զուրաբյան
ՀՅԴ խմբակցությունից` Արմեն Ռուստամյան»:

ԱԺ մի խումբ պատգամավորներ կոչ են անում ազատ արձակել Տիգրան Առաքելյանին