Փորձագետ. Պաշտոնական Երևանի դիրքորոշումն ամենակառուցողականն է
10/09/2013 19:24

Փորձագետ. Պաշտոնական Երևանի դիրքորոշումն ամենակառուցողականն է

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցում Թբիլիսին հավատում է Վաշինգտոնի ներկայացրած փաստերին. հետևաբար Վրաստանում ևս կարծում են, որ Դամասկոսի շրջաններում քիմիական զենք կիրառել են վարչակարգային ուժերը: Ավելի վաղ, մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել, թե Սիրիայում քիմիական զենք կիրառել են սիրիական վարչակարգի հակառակորդները, իսկ այդ զենքը երկիր է հասել Վրաստանի տարածքով:

Իր հերթին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը ևս հայտարարել էր, թե Բաքուն սպասում է ԱՄՆ-ի վերջնական որոշմանը` Սիրիայի տարածքում քիմհարձակման մեղավորների հարցում կողմնորոշվելու համար:

Միաժամանակ, լուրեր տարածվեցին այն մասին, թե Սիրիայում ԱՊՀ-ից ժամանած գրոհայինների վերապատրաստման ճամբարները գլխավորում է Իլհամ Ալիևի անձնական թիկնապահը: Փաստորեն, եթե սիրիական ճգնաժամին Հայաստանի երկու հարևանների ներգրավվածության մակարդակը (մյուս երկու հարևանների`Թուրքիայի և Իրանի իրարամերժ մոտեցումներն ակնհայտ էին ի սկզբանե) տեսական դաշտում է և հավելյալ ճշգրտումների կարիք կար, ապա քաղաքական դիրքորոշման հարցը, կարծես թե, կասկած չի հարուցում. Թբիլիսիի և Բաքվի հայացքներն ուղղված են դեպի Արևմուտք:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այս հարցում ևս պաշտոնական Երևանի մոտեցումներն ամենակառուցողականն են. հազիվ թե Հայաստանը հանդես գա կողմերից որևէ մեկին ուղղված կոնկրետ մեղադրանքներով: Մեր երկիրը հավատարիմ կմնա այս հակամարտության վերաբերյալ նախկինում որդեգրած սկզբունքային դիրքորոշմանը`խարսխված միջազգային իրավունքի նորմերի և հիմնարար սկզբունքների վրա. Սիրիայի տարածքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ վերջնական գնահատականներ տալու համար պաշտոնական Երևանը կսպասի ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը: 

Փորձագետ. Պաշտոնական Երևանի դիրքորոշումն ամենակառուցողականն է