.jpg)
Հայաստան-Դանիա` 0:1. պաշտպանությունը` աքիլլեսյան գարշապար
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտում աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի խաղում 0:1 հաշվով զիջեց Դանիայի ընտրանուն: Այդ միակ գոլը 74-րդ րոպեին 11 մետրանոց հարվածով խփեց թիմի ավագ Դանիել Ագերը: Սեփական տուգանային հրապարակում Վարազդատ Հարոյանը խախտեց խաղի կանոնները և արժանացավ նաև դեղին քարտի, որն այս խաղում նրա համար երկրորդն էր: Նա, բնականաբար, հեռացվեց խաղադաշտից… Մնացած ժամանակահատվածում մեր թիմը 10 հոգով չկարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Ցավոք, կարելի է ասել` հենց այդ դրվագը բեկումնային դարձավ ողջ մրցակցության համար: Մինչ այդ հայ ֆուտբոլիստներն սկսել էին ակտիվանալ և աստիճանաբար ավելացնում էին ճնշումր մրցակցի դարպասի վրա…
Չմանրամասնելով հանդիպման մանրամասները, թե որ դրվագում ինչ տեղի ունեցավ (խաղի ընթացքին հետևած ֆուտբոլասերներն արդեն ծանոթ են դրանց), մենք կփորձենք հասկանալ, թե որոնք էին պարտության պատճառները:
Ինչպես և ենթադրում էինք, գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը որակազրկված Յուրա Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ էր մտցրել Մարկոս Պիզելիին: Սակայն հարձակողական ներուժը դրանից չավելացավ, որովհետև Հենրիխ Մխիթարյանը ստիպված էր գործել թիկունքում` պաշտպաններին օգնելու նպատակով: Մարկոս Պիզելին ստիպված էր մի փոքր հետ քաշվել` խաղից դուրս չմնալու համար, իսկ եզրայինները չապահովեցին անհրաժեշտ արագությունը` եզրերում ճեղքումներ կատարելու համար: Այն բանից հետո, երբ վնասվածք ունեցող Կառլեն Մկրտչյանի փոխարեն դեռ առաջին խաղակեսի միջնամասում ասպարեզ դուրս անվանական հարձակվող Արթուր Սարկիսովը, Հենրիխ Մխիթարյանը հետ քաշվեց հենակետային կիսապաշտպանի գոտի և ավելի շատ զբաղված էր քանդող ֆունկցիաներով: Իհարկե, նա փորձում էր միանալ գրոհներին և ակտիվացնել հարձակողական գործողությունները, սակայն նրա մտահղացումները հաճախ անհրաժեշտ աջակցություն չէին ստանում թիմակիցների կողմից:
Ցավոք, առաջին խաղակեսից հետո վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց Արթուր Սարկիսովը: Նրան փոխարինեց երիտասարդ Սարգիս Ադամյանը, ով նման մակարդակի հանդիպումների մեծ փորձ չունի:
Հաջորդ պատճառն այն է, որ մեր թիմը չէր հասցրել լուծել պաշտպանությունում առկա խնդիրները: Դա վերածվել է աքիլլեսյան գարշապարի, և այդ խնդրից ազատվելու ճանապարհներն առայժմ մշուշոտ են: Հաջորդ խաղում մեր թիմին չի կարողանա օգնել Վարազդատ Հարոյանը: Եվս մեկ գլուխկոտրուկ, որը գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պետք է փորձի լուծել առաջիկա մեկ ամսվա ընթացքում` Բուլղարիայի ու Իտալիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրաստվելու համար: Ինչևէ: Գուցե պաշտպանությունում առկա խնդիրներն էին մեր ֆուտբոլիստներին ստիպում ավելի շատ ապավինել պաշտպանությանը` հենվելով հակագրոհների մարտավարության վրա, որոնք, ի դեպ, նույնպես շատ դանդաղ էին կազմակերպվում և, որպես կանոն, խափանվում էին խաղադաշտի կենտրոնում կամ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում:
Ահա սրանք էին այն հիմնական պատճառները, որոնք հանգեցրեցին պարտության: Բայց մի բան անհրաժեշտ է փաստել. տղաներն իրենց հնարավորությունների սահմաններում ամեն ինչ արեցին` տնային հանդիպումներում ընթացիկ ընտրական փուլում առաջին հաղթանակը տոնելու համար: Նրանք լիարժեք նվիրվեցին խաղին, պայքարում էին մինչև վերջ, յուրաքանչյուր սանտիմետրի համար, բայց այս երեկո ֆուտբոլային Աստվածը պարզապես դանիացի էր…