Վտարվել ամեն գնով. Գյումրեցի ընտանիքը կես տարի է` դրսում է ապրում
11/09/2013 21:15

Վտարվել ամեն գնով. Գյումրեցի ընտանիքը կես տարի է` դրսում է ապրում

Գյումրեցի Աշոտ Մկրտչյանի ընտանիքի մասին առաջին անգամ լսեցի ձմռանը, երբ փետրվարին Աշոտը, կինն ու երկու երեխաները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ նստցույց էին անում: Ընտանիքի 4 անդամներից 3-ը ՌԴ քաղաքացիներն են, Հայաստան են եկել Ֆրանսիայից. վտարվել են: Տուն չունեն, աշխատանք` նույնպես: Ես և իմ գործընկերները այս մասին գրեցինք, դիմեցինք ՄԻՊ: Օմբուդսմենի արագ արձագնքման խումբը եկավ, ծանոթացավ խնդրին: Ընտանիքին ապահովեցին ժամանկավոր կացարանով ու նրանք հեռացան ՄԱԿ-ի գրասենյակի մոտից:

Այսօր առավոտյան ինձ զանգահարում է ընկերներիցս մեկն ու ասում, որ Քաղաքապետարանի մոտ ամուսիններ են նստած, գնալու տեղ չունեն, գիշերում են Մյասնիկյանի արձանի մոտ: Գնացի: Պարզվեց ոչ թե ամուսիններ են, այլ ամուսիններ ու նրանց երկու երեխաները: Ավելին՝ Մկրտչյաններին ճանաչեցի միանգամից: Գյումրեցի ամուսինները պատմեցին, որ օգոստոսի 5-ից գիշերում են Ֆրանսիայի դեսպանատան տարածքում ու զարմացան, որ նոր եմ տեղեկանում, որ իրենք այդտեղ են: ՄԻՊ-ի ու ապաստանի մասին իմ հարցերին պատասխանեցին այնպիսի տոնով, թե դա ինչ հարցնելու բան է՝ «ասել են մեզ վրա հույս չդնեք, մենք ձեր հարցը լուծողը չենք»:

Ավելին` ընտանիքի հայրը պնդում է, որ այնտեղ, որտեղ ՄԻՊ-ի աշխատակիցներն են իրենց տարել, աղանդավորներ են եղել, ովքեր փորձել են իրենց գործերում ներքաշել իր ընտանիքը: Իսկ ՄԻՊ-ի առաջարկած աշխատանքը եղել է աղանդավորական բուկլետներ բաժանելը:

Աղանդավորների, իրենց վրա մահափորձ կատարած «կավատների», մարդկանց առևտրով զբաղվող կառույցի, պատկան մարմինների ու դեսպանատների աշխատակիցների անտարբերության, ոստիկանության «վատ վերաբերմունքի» մասին Աշոտ Մկրտչյանի պատմությունը վերջ չունի: Բոլոր ճշտող հարցերին պատասխանում է «իրենք ուզում են կոտրեն ինձ» հերթապահ նախադասությամբ: Ո՞վ, ինչո՞ւ, ինչի՞ համար: Հստակ պատասխան չկա:

«Էտի կարևոր չի, հիմա ինձ պետքա, որ իմ ընտանիքին ուտելիքով կամ մի բանով օգնեն, մինչև Փարիզից պատասխան կստանամ»,- հնչում է պատասխանը:

Իսկ Փարիզից սպասվող պատասխանի մասին մանարամասներ պատմում է կինը` Սուսաննան. «Մենք դիմել ենք, որ մեզ հետ տանեն, հիմա ավելորդ աղմուկ չենք ուզում, որ մեզ չվնասեն, մինչև գնանք»:

Ողջ զրույցը լուռ ու առանց միջամտելու լսում են ընտանիքի երեխաները: Աղջիկն արդեն չափահաս է, տղան՝ դեռ ոչ: Ինչպես պարզվում է՝ վերջին 3 տարում դպրոց չեն հաճախել: Աղջիկը միայն գլխի շարժումով հաստատում է հոր ասածներն այն մասին, որ «հայերը մարդ չեն էնքան, որ Ֆրանսիայում թքում են հայերի վրա ու խանութների ցուցափեղկերին գրում, որ հայերի մուտքն արգելված է»:

Վերջում էլ հավելում է, որ վերջին անգամ դեսպանատուն է մտել այսօր առավոտյան, ասել են՝ պատասխան դեռ չկա, մի փոքր էլ սպասեք:

Թեև հեռանալիս Աշոտն ինձ հորդորում է, ոչ մի բան չանել, ու որևէ մեկին չզանգել, որովհետև «իզուրա ու ինձ մեկա չեն լսի, իրենց էլ չեն օգնի», այնուամենայնիվ, որոշում եմ զրուցել Պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հետ, քանի որ համացանցում մի քանի տեղ դարձյալ հանդիպում եմ թարմ հրապարակումների ընտանիքի ու այն մասին, թե «ոնց կարելի է այսպես վարվել մարդկանց հետ»:

Աննա Սաֆարյանը պատմում է, որ ընտանիքը ձմռանը 1.5 ամիս իրենց օգնությամբ ապրել է վարձով բնակարանում, տուն են գտել, որոշ կենցաղային իրեր տրամադրել: Աշխատանք են գտել Սուսաննայի համար (հավաքարար «Դալմա մոլում»), բայց նա հրաժարվել է, աղջիկը ևս չի ցանկացել աշխատել:

Ընտանիքը ցանկանում է վտարվել:

Այն ընթացքում, որ ես Մկրտչյանների ընտանիքի հետ զրուցում էի, բազմաթիվ անցորդներ մոտեցան, բոլորը լսեցին նույն պատմությունը կամ հատվածներ այդ պատմությունից ու նրանք էլ, հավանաբար, բարկացան ու հիասթափվեցին, ինչպես ես փետրվարին, երբ իմացա, որ մի ամբողջ ընտանիք դրսում է գիշերում, որովհետև «նրանց չեն օգնում»: Ինչևէ, բնավ չցանկանալով այլևս փորփրել այս պատմության մանրամասները, հիշեցի Նժդեհի խոսքերը. «Չարժե և չի կարելի օգնել ընկածին, եթէ նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»:

Հ. Գ Լինելով մարդ, ով հաճախ դժգոհում է և երկրից, և որոշ կառույցներից, մեծ ցավ ապրեցի տեսնելով, որ մարդը ցանկանում է վտարվել մի երկիր, որտեղից իրեն մեկ անգամ արդեն վտարել են ու որտեղ «թքում են հայերի վրա ու խանութների ցուցափեղկերին գրում, որ հայերի մուտքն արգելվում է»: Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:

Վտարվել ամեն գնով. Գյումրեցի ընտանիքը կես տարի է` դրսում է ապրում