.jpg)
Գրական բլոգ. Դինո Բուցցատտի. Արգելված բառը
Քողարկված նշաններից, ակնարկող կատակներից, զգուշավոր շրջասույթներից, անհասկանալի շշնջոցներից ես վերջապես հասկացա, որ այս քաղաքում, ուր ես արդեն երեք ամիս ապրում եմ, կա մի բառ, որի կիրառումն արգելված է: Ո՞ր բառը: Չգիտեմ: Կարող է մի տարօրինակ, հասարակ բառ լինել, բայց կարող է խոսքը գնալ նաև մի շատ օգտագործվող բառի մասին, այդ դեպքում, իմ մասնագիտությամբ մի մարդու համար կարող է անհարմար իրավիճակների պատճառ հանդիսանալ: Ավելի քան տագնապած գնում եմ իմ ընկեր Ջերոնիմոյի հետ զրուցելու: Նա իմ ճանաչած մարդկանցից ամենաիմաստունն է, որը, քսան տարի ապրելով այս քաղաքում, շա~տ բաներ գիտի:
- Ճիշտ է,- անմիջապես ասաց նա ինձ,- ճի՛շտ է, մեզ մոտ կա մի արգելված բառ, որից բոլորը հնարավորինս խուսափում են:
- Եվ ո՞ր բառն է:
- Հասկանում ես,- ասում է,- ես գիտեմ, որ դու ազնիվ մարդ ես և կարող եմ քեզ վստահել: Բացի այդ ես քո մտերիմ ընկերն եմ: Այս ամենով հանդերձ, հավատա՛ ինձ, ավելի լավ է, որ քեզ չասեմ: Լսի՛ր, ես քսան տարի է ապրում եմ այս քաղաքում, այն ինձ հյուրընկալել է, աշխատանք տվել, ինձ պատշաճ կյանք է պարգևել, պետք չէ դրա մասին մոռանալ: Իսկ ե՞ս: Իմ կողմից անկեղծորեն ընդունել եմ բոլոր օրենքները` անկախ նրանից լավն են նրանք թե ոչ: Ո՞վ էր ինձ արգելում հեռանալ: Բայց ես մնացի, չէ՞: Չեմ ուզում ինձ փիլիսոփայի տեղ դնել, չեմ ուզում բանտից փախուստ առաջարկած Սոկրատեսին կապկել, բայց իսկապես ինձ զազրելի է թվում զանցել այն քաղաքի օրենքը, որն ինձ իր զավակն է համարում… այն էլ նման մանրուքի համար: Չնայած, Աստված գիտե` մանրուք է դա, թե ոչ:
- Բայց այստեղ մենք խոսում են բացարձակ մեջ: Մեզ ոչ ոք չի լսում: Դե՛, Ջերոնիմո, ասա՛ ինձ այդ անիծված բառը: Ո՞վ պետք է քեզ մատնի: Ե՞ս:
- Պետք է հաստատեմ,- նկատեց Ջերոնիմոն հեգնական ժպիտը դեմքին,- որ դու իրերը դիտում ես մեր պապերի մտածելակերպով: Պատի՞ժ: Այո՛, մի ժամանակ հավատում էին, որ առանց պատժի օրենքը իրական ուժ չի ունենա: Գուցե և ճիշտ էր: Բայց դա հնացած,նախնադարյան համոզմունք է: Եթե անգամ այն ուղեկցված չէ պատժով, օրենքը կարող է գործել իր ամբողջ ուժով. մենք աճել ենք:
- Ուրեմն ի՞նչն է քեզ ետ պահում: Խղճի խայթը՞: Զղջման զգացումը՞:
- Ա՜խ այդ խիղճը: Խեղճ հնոտիավաճառ: Այո՛, դարերի ընթացքում խիղճը մարդկությանը անգնահատելի ծառայություններ է մատուցել, սակայն նա ևս ստիպված եղավ հարմարվել ժամանակներին: Այժմ այն վերափոխվել է մի բանի, որը նրան շատ աննշան է նման, այն ավելի պարզ, ավելի ստանդարտ, ավելի հանգիստ, կասեին անգամ, շատ ավելի քիչ պարտավորեցնող և ողբերգական բան է դարձել:
- Իսկ եթե ավելի պարզ բացատրես…
- Գիտական սահմանումն է բացակայում: Խոսակցական լեզվում այն անվանում են հարմարվողականություն (կոնֆորմիզմ): Դա այն մարդու խաղաղությունն է, որն իրեն ներդաշնակ է զգում իրեն շրջապատող զանգվածի հետ: Կամ այն մարդու անհանգստությունը, անհարմարությունը, կորուստը, ով հեռանում է նորմայից:
- Եվ սա բավակա՞ն է:
- Ավելի քան բավական է: Սա մի ահեղ ուժ է` ատոմային ուժից էլ հզոր: Բնականաբար ամեն տեղ նույնը չէ: Գոյություն ունի հարմարվողականության աշխարհագրություն: Հետամնաց երկրներում այն դեռ սաղմնային վիճակում է, զարգանում է անկանոն կերպով, իր իսկ քմահաճությամբ, առանց ցուցումների: Նորաձևությունը դրա տիպիկ օրինակներից մեկն է: Ավելի ժամանակակից երկրներում, հակառակը, այս ուժն արդեն տարածվել է կյանքի բոլոր բնագավառներում,ամուր արմատներ նետել, կարելի է նույնիսկ ասել, որ տարալուծված է անգամ օդում, այն իշխանության ձեռքերում է:
- Իսկ այստե՞ղ, ձեզ մո՞տ:
- Վատ չէ, վատ չէ: Բառի արգելումը, օրինակ, իշխանությունների հնարամիտ նախաձեռնությունն էր հենց ժողովրդի հարմարվողական հասունությունը փորձելու համար: Թեստի նման մի բան է: Իսկ արդյունքը կանխատեսածից շա~տ, շա~տ ավելին էր:Այդ բառը այսուհետ տաբու է: Եթե անգամ լապտերը ձեռքիդ գնաս այն փնտրելու, երաշխավորում եմ, որ ամենախուլ վայրերում անգամ չես գտնի: Մարդիկ հարմարվել են այն չասելու մտքին: Կարիք չկա, որ նրանց սպառնան մատնել, տուգանել կամ բանտարկել:
- Եթե այն, ինչ ասում ես, իրոք ճիշտ լիներ, ապա ազնիվ լինելը բոլորի համար չափազանց հեշտ կլիներ:
- Բնական է, որ դեռ շատ տարիներ,տասնամյակներ, անգամ դարեր հարկավոր կլինեն: Չէ՞ որ բառն արգելելը հեշտ է, բայց բառից հրաժարվելու համար մեծ ջանքեր են հարկավոր: Բայց խաբեբայությունները, չարախոսությունները, արատները, անօրինականությունը, անանուն նամակները կատակ բաներ չեն… Մարդկանց այն շատ դուր եկավ: Փորձի՛ր ասել նրանց, որ ետ կանգնեն այդ մտքից: Բացի այդ, ի սկզբանե ինքն իրեն տրված հարմարվողականության ինքնաբերական ալիքը ուղղված է դեպի չարիքը, նողկալի հարմարավետությունը, փոխզիջումները, սրիկայությունը: Պետք է նրա ընթացքը փոխել, բայց հեշտ չէ: Անկասկած, ժամանակի ընթացքում կհաջողվի:
- Եվ այս ամենը ըստ քեզ լա՞վ է: Սա արդյոք չի՞ տանում դեպի տափակեցում, դեպի սարսափեցնող մի միօրինակություն:
- Լա՞վ: Չի կարելի այդպես ասել: Բայց պետք է ասել, որ օգտակար է, չափազանց օգտակար: Հանրությունը վայելում է: Երբևիցե չե՞ս մտածել: Բնավորությունները, «տիպերը», վառ անհատականություններ, որոնք դեռ երեկ այնքան սիրված էին և դյութիչ, իրականում անօրինականության, անարխիայի առաջին ծիլելը չէի՞ն: Թուլություն չէի՞ն ներկայացնում հասարակական կառույցում: Եվ, հակառակ իմաստով, երբեք չե՞ս նկատել, որ ավելի ուժեղ ժողովուրդների մեջ կա մարդկային տեսակների տարօրինակ, գրեթե ցավագին մի միօրինակություն:
- Ինչևէ, որոշել ես այդ բառն ինձ չասել:
- Որդիս, մի՛ նեղացիր: Հասկացի՛ր, որ վստահության բացակայության պատճառով չէ: Եթե քեզ ասեմ, ինձ վատ կզգամ:
- Դո՞ւ էլ: Չէ որ դու հանրությունից բարձր գտնվող և կիրթ մարդ ես:
- Այդպես է, սիրելիս,- և մելամաղձոտ կերպով թափահարեց գլուխը:
Միջավայրի ճնշմանը դիմակայելու համար հարկավոր է տիտան լինել:
- Իսկ ը՞: Այդ գերագույն բարիքը: Մի ժամանակ սիրում էիր այն: Այն չկորցնելու համար ամեն ինչ կտայիր: Իսկ հիմա՞:
- Ամեն ինչ, ամեն ինչ… Պլուտարքոսի հերոսները… Այլ բան է հարկավոր… Անգամ ամենաազնվական զգացմունքը ջլատվում է և քիչ-քիչ տարալուծվում, եթե անուշադրության է մատնվում: Տխուր է ասել, բայց միաբոլորն էլ ցանկանում են Դրախտ ընկնելյն մեկը չէ, որ Դրախտ է ուզում:
- Ուրեմն չե՞ս ուզում ինձ ասել: Վա՞տ բառ է: Հանցավոր նշանակությու՞ն ունի:
- Ընդհակառակը. Մաքուր բառ է, ազնիվ ու հանգիստ: Հենց այստեղ է երևում օրենսդրի նրբամտությունը: Կեղտոտ և անպատշաճ բառերի համար արդեն իսկ կար լուռ արգելք, զգուշավորություն, լավ դաստիարակություն: Այդպես փորձը մեծ արժեք չէր ունենա:
- Գոնե ասա` գոյական է թե՞ ածական, թե՞ բայ, թե՞ մակբայ:
- Բայց ինչու՞ ես պնդում: Եթե մնաս այստեղ, մեզ հետ, մի գեղեցիկ օր նաև դու կկարողանաս տարբերակել արգելված բառը, պատահաբար, առանց գլխի ընկնելու: Այսպես է, տղաս: Օդից կիմանաս:
- Լավ, ծերուկ Ջերոնիմո, համառի մեկն ես: Աստված քեզ հետ: Նշանակում է, որ հետաքրքրությունս բավարարելու համար, պետք է գնամ գրադարան` կանոնագրքերը ուսումնասիրելու: Այդ մասին մի օրենք կլինի, չէ՞: Այդ օրենքը գրված կլինի: Եվ կասվի, թե որն է այդ արգելված բառը:
- Ախ, հետամնաց ես դեռ: Մտածում ես դեռ նախնադարի նման: Եվ ոչ միայն. շատ պարզամիտն ես: Եթե մի օրենք, որ բառի կիրառումը արգելելու համար այն կիրառի, ինքն իրեն ինքնաբերաբար կհակասի, դա իրավական հրեշավորություն կլինի: Անօգուտ է գնալ գրադարան:
- Ջերոնիմո՛, դու ինձ ձեռք ես առնում: Ինչ որ մեկը զգուշացրել է չէ՞, որ այսուհետ X բառն արգելված է և , անշուշտ, արտաբերել է այդ բառը,չէ՞: Այլապես մարդիկ ինչպե՞ս պետք է իմանային:
- Դա, իրոք, դեպքի ամենախնդրահարույց մասն է: Այդ մասին գոյություն ունի երեք վարկած. մարդիկ, որոնք ասում են, որ արգելքը տարածվել է քաղաքապետարանի վերափոխված գործակալների ձայնով: Կա մարդ, որն ասում է, որ իր տանը փակ ծրար է գտել, բառի արգելման օրենքը` կարդալուց հետո անհապաղ այրելու հրամանով: Եվ վերջապես Ինտեգրալիստները, դու նրանց հոռետեսներ կանվանեիր, պնդում են, որ հրաման տալու կարիք չի եղել, այդ աստիճանի ոչխար են քաղաքացիները, բավական է եղել, որ իշխանությունը ցանկանա, և բոլոր հասկացել են հեռազգացողության նման մի բանի միջոցով:
- Բայց միթե բոլորը անողնաշար են: Գոնե մի քանի անկախ մարդ կլինի այս քաղաքում, որոնք մտածում են սեփական խելքով: Ընդդիմադիրներ, այլադավաններ, ըմբոստներ, օրինազանցներ, անվանի՛ր նրանց ինչպես կկամենաս: Հնարավոր է չէ՞, որ նրանցից մեկը, մարտահրավեր նետելու պատրվակով, արտաբերի կամ գրի այդ մեղսավոր բառը: Այդ ժամանակ ի՞նչ է պատահում:
- Ոչինչ, բացարձակ ոչինչ: Հենց այստեղ է փորձի աննախադեպ հաջողությունը: Արգելքն այնքան է մտել հոգիների խորքը, որ պայմանավորում է զգայական ընկալումը:
- Այսի՞նքն:
- Այն, որ կա անգիտակցության մի վետո, որը վտանգի դեպքում միշտ պատրաստ է միջամտել. եթե ինչ-որ մեկը արտաբերում է այդ նողկալի բառը, մարդիկ անգամ այն չեն լսում, իսկ եթե գրված է, չեն տեսնում:
- Իսկ բառի տեղում ի՞նչ են տեսնում:
- Ոչինչ: Լերկ պատ, եթե այն գրված է պատի վրա, սպիտակ տարածք, եթե գրված է թղթի վրա:
Ես մի վերջին փորձ արեցի.
- Ջերոնիմո՛, խնդրում եմ, պարզապես հետաքրքրությունից ելնելով, այսօր, այստեղ, քեզ հետ խոսելիս այդ առեղծվածային բառը երբևիցե արտասանե՞լ եմ: Սա գոնե կարող ես ինձ ասել, քեզանից ոչինչ չի գնում:
Նա աչքով արեց: Բայց մի խորը թախիծ հանկարծ լուսավորեց նրա դեմքը:
- Քանի՞ անգամ: Մի թանկացրու քեզ, դե՛, ասա,՛ քանի՞ անգամ:
- Չգիտեմ` քանի անգամ: Եթե անգամ այն արտասանել ես, ես լսել այն չէի կարող: Սակայն ինչ-որ մի պահ ինձ թվաց թե, երդվում եմ, որ չեմ հիշում, թե որ պահին, մի դադար եղավ, մի կարճ դադարկ տարածք: Կարծես դու ինչ-որ բառ էիր արտասանել, որի հնչյուններն ինձ չէին հասել: Հնարավոր է նաև, որ ընդհամենը ակամա դադար է եղել, ինչպես միշտ պատահում է խոսելիս:
- Միայն մե՞կ անգամ:
- Դե լա՛վ, բավական է: Մի՛ պնդիր:
- Գիտե՞ս ինչ կանեմ հիմա: Տուն հասնելուն պես, այս զրույցը բառ առ բառ կգրեմ: Հետո կտպագրեմ:
- Ինչ նպատակով:
- Եթե այն, ինչ ասում ես, իրոք ճիշտ է, տպագրիչը, որը կարծում եմ` օրինակելի քաղաքացի է, չի տեսնի այդ հանցավոր բառը: Հետևաբար ունենք երկու հնարավորություն. կա՛մ նա տողի մեջ դատարկ տարածություն կթողնի, որն էլ ինձ համար ամեն ինչ պարզ կդարձնի, կա՛մ առանց դատարկ տարածությունների գծեր կքաշի վրան, և քանի որ ես ունեմ բնագիրը, կիմանամ որ բառի մասին է խոսքը:
Ջերոնիմոն մեղմիկ ծիծաղեց:
- Քեզ մոտ ոչինչ չի ստացվի, բարեկամս: Հարմարվողականությունը այն աստիճանի է հասել, որ ցանկացած տպագրիչ, ում դիմես, անմիջապես գլխի կընկնի ինչպես վարվել, որ քո մտածածը խափանվի: Նա, տեսնելով քո կողմից գրված բառը և ընդունելով, որ դու այն գրել ես, բաց չի թողնի այդ բառը: ԱՆհոգ եղիր, մեզ մոտ տպագրիչները շատ հմուտ են և տեղեկացված:
- Ների՛ր, բայց ո՞րն է այս ամենի նպատակը: Քաղաքի համար ավելի լավ չէ՞ր լինի, եթե ես իմանայի արգելված բառը առանց այն արտասանելու կամ գրելու անհրաժեշտության:
- Այս պահին գուցե և ոչ: իմ հետ ունեցած քո զրույցներից երևում է, որ բավականաչափ հասուն չես: Հաղորդության կարիք կա: Ինչևէ, դու դեռ չես հարմարվել: Ներկայիս ուղղահավատության համաձայն` դու օրենքը հարգելու արժանի չես:
- Իսկ այս երկխոսությունը ընթերցելիս՝ հասարակությունը ոչինչ չի՞ հասկանա:
- Նա պարզապես դատարկ տարածքներ կտեսնի ու կմտածի. «Ի~նչ անուշադիր են, բառ են բաց թողել»: