.jpg)
Ազատամարտիկները հանդիպել են պաշտպանության փոխնախարարին. Հանդիպումից գոհ ենք
Այսօր մի խումբ ազատամարտիկներ` ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ, Պաշտպանության նախարարությունում հանդիպել են փոխնախարար Դավիթ Տոնոյանի ու նրա ղեկավարած հանձնաժողովի հետ, որը ստեղծվել է ազատամարտիկների հարցերը կարգավորելու համար: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վոլոդյա Ավետիսյանն ու ավելացրեց` հանդիպումը բավականին արդյունավետ է անցել.
«Հանդիպումից գոհ ենք, քանի որ մեր պահանջներն ու մեր խնդիրը լիովին հասկացել են ու պատրաստակամ են օգնել: Նախօրեին հանդիպել ենք նաև սոցապ նախարարի հետ, ով նույնպես օգնություն է առաջարկել մեզ, սակայն այդ օգնությունը ստանալու համար պետք է ճշգրտել ազատամարտիկների ցուցակները: Ահա այս հարցում ևս ՊՆ-ն մեզ կօգնի»,- ասաց գնդապետն ու ավելացրեց, որ այսօր Դավիթ Տոնոյանի հետ քննարկվել է ազատամարտիկների առաջարկությունների ողջ փաթեթը.
«Խոսել ենք և՛ կամավոր զինվորական ծառայության մասին օրենքից, և՛ մեր թոշակների հարցից: Հիմա պետք է սպասենք 10 օր, որոնց ընթացքում կարվեն որոշ ճշգրտումներ: Դրանից հետո արդեն ավելի նեղ կազմվ կհանդիպենք Դավիթ Տոնոյանի հետ»,- ասաց Վոլոդյա Ավետիսյանն ու ավելացրեց, որ իրենք շարունակում են հավատալ` իրենց հարցը լուծվելու է.
«Եթե չհավատայինք, ուրեմն անիմաստ ենք արել այս ամենը»,- եզրափակեց գնդապետը:
Նախորդող հրապարակում` Սոցիալական ապահովության նախարարը խոստացավ օգնել ազատամարտիկներին