.jpg)
Փորձագետ. Ադրբեջանն աշխարհում չղեկավարվող հրթիռային համալիրների տեսականիով
«Թուրքիայի և Ադրբեջանի միջև հրթիռների փոխանցման գործարքը վաղուց էր կնքվել և այդ հրթիռների արտադրության հիմնումը կամ դրա համար սարքավորումներ բերելը ռազմական արդյունաբերության տեսանկյունից ծիծաղելի թեմա է»,- Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով թուրքական ROKETSAN ընկերության կողմից Ադրբեջանին T-122 Sakarya հրթիռային համակարգերի փոխանցմանը, ասաց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը:
Նա նշեց, որ այդ հրթիռներից համաշխարհային շուկայում միլիոնավոր խմբաքանակով «կոպեկներով վաճառվում է»:
«Դրանցից ինչ-որ մեծ իրադարձություն սարքելը ծիծաղ է առաջացնում ռազմական փորձագետների մոտ, մանավանդ երբ խոսքը գնում է 107 մմ-ոց հրթիռների մասին, իսկ 122 մմ-անոցներն էլ կոպեկներ արժեն համաշխարհային շուկայում»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը մեծ սեր ունի չղեկավարվող կառավարման համակարգերի նկատմամբ` սկսած «Սմերչից» և «Կաչերգայից», վերջացրած` 80 մմ-ոց հրթիռներով:
«Ադրբեջանն աշխարհում չղեկավարվող հրթիռային համալիրների տեսականիով ռեկորդակիր է: Ոչ մի երկրում համազարկային կայանների այդպիսի մեծ տեսականի, ըստ էության, չկա, ինչը մեծ հաշվով երկու բանի մասին է խոսում, որ նրանք չեն պատրաստվում այնպիսի պատերազմ վարել, որով լուրջ տարածքների նվաճում անեն: Նրանք ավելի շուտ պատրաստվում են հայկական ենթակառուցվածքներին վնաս պատճառել, որովհետև այդ զենքերը այդ խնդիրն են հեշտությամբ լուծում»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքով` հայկական կողմը նման դեպքերում պետք է ավելի մեծ շատ ուշադրություն դարձնի ապաստարան հասկացությանը:
«Քաղաքներում ռմբապաստարաններ է պետք կառուցել կամ թարմացնել, որովհետև դրանք բնակավայրի նկատմամբ ճիշտ է, ոչ արդյունավետ, բայց բնակչությանը վնաս տվող զինատեսակներ են»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Բանախոսը հավելեց, որ այդ զենքերի ռազմական նշանակությունն իրականում բավականին ցածր է, բայց նույն հաջողությամբ նրանք կփորձեն քաղաքացիական անձանց վրա կրակել, որտեղ էլի արդյունավետությունը մեծ չի, բայց խուճապ ու ավերածություններ առաջացնելու տեսանկյունից որոշակի գործոն է: