.jpg)
Հ. Աբրահամյան. Իշխանությունները կողմնակից են Վիլնյուսում նախաստորագրմանը
«Երբ փաստաթուղթը կունենանք հիմնավոր, այդ ժամանակ մենք մեր տեսակետը կհայտնենք: Սակայն նորից եմ կրկնում՝ դա ՀՀ Նախագահի մտադրությունն է, որը իր լիազորությունների շրջանակում է, ինքը տվել է համաձայնություն Մաքսային միության հետ անդամակցելու: Իսկ երբ փաստաթղթերը կլինեն, այդ ժամանակ էլ կխոսենք ըստ էության»,- լրագրողների հետ ճեպազրույցում քիչ առաջ հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով Ֆյուլեի հայտարարությանը` ԱԺ նախագահը նշեց, որ Մաքսային միությանն անդամակցելը չի հակասում Ասոցացման համաձայնագրին. «Հայաստանի իշխանությունները կողմնակից են Վիլնյուսում նախաստորագրմանը: Կա երկրորդ կողմ, որը լինելո է վաղը Հայաստանում, հանդիպելու է իշխանությունների հետ և այդ հանդիպումների արդյունքներով որոշում կկայացվի»,- ասաց Հ. Աբրահամյանը` ավելացնելով, որ Հայաստանը շարունակելու է համատեղ աշխատանքը ԵՄ հետ և խորացնելու է Հայաստանում ընթացող բարեփոխումները:
Հարցին, թե իրականում ե՞րբ է Հայաստանը եվրոպացի իր գործընկերներին տեղեկացրել Մաքսային միությանը միանալու որոշման մասին, քանի որ Ֆյուլեն նշել է օգոստոսի 30-ը, Հ. Աբրահամյանն ասաց, որ այդ հարցին երեկ շատ հստակ պատասխանել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ոչ մի հապշտապ որոշում չի կայացվել, ՀՀ Նախագահը հայտնել է իր որոշումն ու համաձայնությունը, որից բխում են տարբեր գործընթացներ: Դրանից հետո, երբ կունենանք համաձայնեցված տարբերակ, այն կներկայացվի Ազգային ժողով»,- ասաց ԱԺ նախագահը:
Հ. Աբրահամյանը հերյուրանք որակեց այն տեղեկությունները, թե նման որոշման ընդունման համար սեղանին դրվել է Լեռնային Ղարաբաղի հարցը. «Դա համարում եմ սուտ, հերյուրանք»: