Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ Գյանջավիի վերաբերյալ հայտնած տեսակետը գիտական չէ
12/09/2013 19:05

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ Գյանջավիի վերաբերյալ հայտնած տեսակետը գիտական չէ

Ադրբեջանի ԱԳՆ-ն խուսափում է հայտնել Նիզամի Գյանջավիի դամբարանի պարսկերեն զարդաքանդակները վերացնելու պատճառը: Այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:

Հոդվածի հեղինակը, անդրադառնալով իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիի գերեզմանի պատերին պարսկերենով գրված բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխարինելու Ադրբեջանի նախաձեռնությանը և այդ հարցում իրանցի պաշտոնյաների հնչեցրած քննադատություններին, նշել է. «Արդբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Էլման Աբդուլաևը երկար լռելուց հետո ի պատասխան այդ քննադատություններին, պնդել է, թե Նիզամի Գյանջավին ադրբեջանական գրող է և այդ հարցը չի կարող քննարկման առարկա լինել: Ուստի այդ առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտնած տեսակետը ոչ գիտական է»:

Հավելենք, որ ԻԻՀ Մեջլիսի մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամ Նասրօլլահ Փեժմանֆարը նախօրեին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով վերոնշյալ խնդրին. նշել է. «Նիզամի Գյանջավիի պարսկերեն բանաստեղծությունները ադրբեջաներենով փոխելը վիրավորանք է պարսկերենի նկատմամբ: Առաջին քայլը, որ Իրանը պետք է կատարի, դա ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային մշակութային կազմակերպությունների միջոցով պաշտոնական բողոք ներկայացնելն է»:

ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամն էլ այդ առնչությամբ հայտարարել էր. «Այն, ինչն ադրբեջանցիները մշակույթի անվան տակ իրականացնում են, հակամշակութային գործողություններ են: Եթե Նիզամի Գյանջավիի բանաստեղծությունները թարգմանվում են թուրքերեն՝ պահպանվելով պարսկերեն բնօրինակը, ապա դա գնահատելի գործ է, իսկ եթե թարգմանության արդյունքում ոչնչացվում է ինքնությունը, ապա դա հակամշակութային գործողություն է»:

Նախորդող հրապարակում՝ Իրանը Նիզամի Գյանջավիի հարցով ՅՈՒՆԵՍԿՕ-ից պահանջում է դատապարտել Ադրբեջանին

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ Գյանջավիի վերաբերյալ հայտնած տեսակետը գիտական չէ