.jpg)
Օբաման կոչ է անում օգտագործել Ադրբեջանի հետ երկխոսության հնարավորությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը: «Արմենպրես»-ի խնդրանքով` ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից փոխանցել են ուղերձը:
Ստորև ներկայացվում է ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը.
«Մեծարգո պարոն նախագահ,
դեսպան Ջեյմս Ուորլիքի Երևան առաջին պաշտոնական այցի առիթով ուզում եմ Ձեզ հայտնել, որ նա՝ որպես Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ, վայելում է իմ լիակատար աջակցությունը: Վերջերս նրա նշանակումն այդ պաշտոնում ուժեղ ազդանշան է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կողմերին օգնելու Միացյալ Նահանգների տևական ու աներկբա պատրաստակամության մասին: Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի դիվանագիտական հարուստ փորձն ու Ձեր պետության` առաջընթացի ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների գործունեությանը և խաղաղության գործընթացին: Կոչ եմ անում Ձեզ առաջիկա ամիսներին օգտագործել Ադրբեջանի հետ ուղղակի երկխոսության հնարավորությունները և համանախագահների հետ ժամանակ և ունակություններ գտնել դուրս գալու բանակցային գործընթացի ներկայիս փակուղուց: Քանզի փոխզիջումներն ընդհանուր գծերով արդեն իսկ հստակեցված են, այժմ արդեն ժամանակն է նորովի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
Ջեյմս Ուորլիքը տարածաշրջան է ժամանել սեպտեմբերի 9-ին: Այսօր նա Երևանից մեկնել է Ստեփանակերտ և կմասնակցի ԵԱՀԿ առաքելության` սեպտեմբերի 13-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկմանը` Ասկերանի ուղղությամբ: