.jpg)
Շտեֆան Ֆյուլե․ Մեր գործընկերների վրա ահռելի ճնշումներ են գործադրվում
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում նախօրեին ընդգրկված էր «Ռուսաստանի կողմից Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ իրականացվող ճնշումը»։
Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Aysor.am-ի թղթակիցը, պատգամավորների հետ քննարկմանը մասնակցում էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։ Ֆյուլեն իր ելույթում նշեց, որ Արևելյան գործընկերության գագաթաժողովը մոտենում է, և դա կլինի մի քայլ առաջ` Արևելյան գործընկերների և ԵՄ-ի միջև քաղաքական և տնտեսական մերձեցման համար։
«Մենք բազմիցս տեսել ենք ահռելի ճնշումներ մեր գործընկերների վրա։ Եվրոպական միությունը պարզ է եղել իր գործընկերների հետ քաղաքականության մեջ։ Մեր համատեղ հետաքրքրությունից ելնելով` պետք է համատեղ աշխատենք՝ կայունության և զարգացման համար։
Ի սկզբանե, մենք մշտապես հայտարարել ենք, որ ԵՄ-ի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին համատեղելի չէ Մաքսային միության հետ, որի շուրջ մենք բանակցել ենք Ուկրաինայի, Վրաստանի Մոլդովայի և Հայաստանի հետ։ Սա տնտեսական բլոկների բախում չէ կամ 0 արդյունքով խաղ, այդ անհամատեղելիությունը կապված է իրավական դրույթների հետ։ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը մեծ օգուտներ կբերի պետություններին և նրանք կպահպանեն ինքնիշխանությունը իրենց առևտրային քաղաքականության մեջ, ինչը հնարավոր չէ Մաքսային միության դեպքում։
Եվրասիական միության նախաձեռնողները պետք է հարգեն մեր գործընկերների ինքնիշխան որոշումները։ ՌԴ-ի կողմից ճնշումները՝ ասոցացման համաձայնագրի հնարավոր կնքման դեպքում, անընդունելի են Եվրամիության համար։ Նրանք կիրառում են ամենատարբեր տեսակի ճնշումներ՝ սկսած գազի գնից` մինչև ապրանքների ներմուծման արհեստական արգելքներ, ռազմական ոլորտում համագործակցությունն ու անվտանգության երաշխիքները, երկարատև հակամարտությունների վրա ազդեցությունը՝ որպես ճնշման գործիք։
21-րդ դարում մեր աշխարհամասում այս կերպ չէ, որ երկրները պետք է հարաբերվեն: Եվրամիությունն, իհարկե, կկանգնի նրանց կողքին, ովքեր անպատեհ ճնշման են ենթարկվում։
Ընդգծեմ, որ Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրով Ռուսաստանը ևս մեծապես կշահի իր հարևանների՝ ԵՄ-ի հետ մերձեցումից։ Այս համաձայնագրով պետք է հաստատվի միասնական տնտեսական համակարգ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ՝ հիմնված Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների վրա։ Մենք խրախուսում ենք մեր գործընկերներին խորացնել իրենց կապերը ՌԴ-ի հետ այնպես, ինչպես մենք ենք անում, սակայն Ասոցացման և ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում։
ԵՄ-ն պատրաստ է աշխատել իր հարևանների հետ՝ գտնելու առավել լայն կարգավորող կանոնակարգեր ԵՄ անդամների և Մաքսային միության միջև»։
Հանձնակատարի ելույթից հետո Եվրոպական խորհրդարանի պատգամավորները ևս խոսեցին ստեղծված իրավիճակի շուրջ։
Խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը նշեց, որ դժվարին իրավիճակ է ստեղծվել․«Մենք կոչ ենք անում մարդկանց՝ ընտրել այն, ինչ իրենք են ուզում։ Սուվերենությունը պետք է լինի երկրների գործունեության հիմքում։ Անընդունելի է, երբ այնպիսի երկիրը, ինչպիսին Ռուսաստանն է գազի գինը օգտագործում է երկրի ինքնուրույն ընտության վրա ազդելու համար, օրինակ Հայաստանի։ Մենք խրախուսում ենք Արևելյան գործընկերության երկրներին՝ իրականացնել իրենց վերջին վճռական քայլը՝ հաստատելու իրենց ինքնիշխանությունը»։
Եվրոպառլամենտի պատգամավոր Չարլզ Թանոկն իր խոսքում անդրադարձավ այն ճանապարհին, որն անցել են Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան․«Վերջին տարիներին ես բավական մոտիկից ծանոթացա այս երկրների հետ։ Նրանք բարդ աշխատանք տարան՝ ժողովրդավարության հաստատման համար։
Հատկապես ճնշող է այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, երկրում, որն այդքան երկար ԵՄ-ի հետ բանակցում էր Ասոցացման համաձայնագրի և Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրի շուրջ, որը ռեալ օգուտներ էր տալու հայ ժողովրդին և Հայաստանի տնտեսությանը։ Սակայն նախագահ Սարգսյանը և նրա կառավարությունը հայտնվեց աննախադեպ ճնշման տակ Մոսկվայի կողմից և հայտարարեց Մաքսային միությանը միանալու մասին։ Հայաստանի համար սա աղետալի է։ Ռուսաստանը սպառնում էր զենք մատակարարել Ադրբեջանին և ապակայունացնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Հուսանք, որ Մոլդովայի գինիների նկատմամբ Ռուսաստանի էմբարգոն չի ստիպի Մոլդովային հետևել Հայաստանի քայլին։ Սակայն Ռուսաստանի համար ամենակարևորը մնում է Ուկրաինան, բայց կարծում եմ, որ Ուկրաինան` լինելով մեծ պետություն, կկարողանա դիմակայել ճնշումներին։ Մենք պետք է աշխատենք մեր արևելյան գործընկերների հետ՝ անկախ թե ինչ կորոշեն նրանք իրենց ապագայի համար»։
Ռումինացի պատգամավոր Ադրիան Սևերինը խնդրին այլ կերպ մոտեցավ․ «Ռուսաստանի կողմից իր հարևաններին առաջնորդելը հասկանալի է։ ԵՄ-ն ևս ցանկանում է միասին լինել իր հարևաների հետ։ Իրականում ՌԴ-ի կողմից ճնշումը չէ, որ երկար բանակցելուց հետո Հայաստանն ընտրեց Մաքսային Միությունը, Վրաստանի վարչապետը հայտարարեց, որ հնարավոր է քննարկեն Մաքսային միության հետ համագործակցությունը։ Ռուսաստանի ճնշումները քննադատելն անօգուտ է, պետք է խոսենք մեր թուլության մասին։ Սա մեր մեղքն էր, մենք պետք է տեսնենք նաև մեր սխալները»։
Ելույթներ ունեցան խորհրդարանի տարբեր խմբեր ներկայացնող պատգամավորներ, ովքեր հիմնականում քննադատեցին Ռուսաստանի կողմից իրականացվող ճնշումները։
Պատգամավոր Սարիուս Վոլսկին կարծում է, որ ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ն պետք է առավել խիստ լինի․ «ՌԴ-ն մարտահրավեր է նետում ոչ միայն Արևելյան գործընկերությանը, այլև ԵՄ-ին։ Մենք պետք է պատասխանենք ՌԴ-ին։ Եթե մենք այդ ամենը չանենք, ուրեմն պետք է դադարենք խոսել ԵՄ-ի՝ որպես գլոբալ խաղացողի մասին»։
Պատգամավորների ելույթներից հետո ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն իր եզրափակիչ խոսքում ասաց, որ Ասոցացման համաձայնագիրը լինելու է փոփոխությունների համար ամենամեծ զենքը։
Հանձնակատարը նշեց, որ բազմիցս Ռուսաստանի հետ համագործակցության ընթացքում բացատրել են, որ Արևելյան գործընկերությունը ՌԴ-ի հետաքրքրությունների դեմ չէ․«Մեր հարևանները սուվերեն իրավունք ունեն ընտրել իրենց արտաքին տնտեսական զարգացման ուղին։ Այժմ մեր հարևանները կանգնած են ընտրության առաջ։ Մեր գործընկերները չպետք է դառնան զոհ՝ այս ընտրության մեջ։ Ընտրությունը պետք է կատարվի ազատ»։
Նշենք, որ քննարկման արդյուքում Եվրոպական խորհրդարանը կընդունի բանաձև, որի քվեարկությունը նախատեսված է այսօր։