Փորձագետ. Սիրիայում քիմիական զենքի մասին տեղեկություններն ավելանալու են
13/09/2013 20:42

Փորձագետ. Սիրիայում քիմիական զենքի մասին տեղեկություններն ավելանալու են

Սիրիական ընդդիմության ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը` Քամալ ալ Լաբվանին (ՍԸՀՈՒԱԿ), սաուդական «Ալ Վաթան» օրաթերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ սիրիական վարչակարգը լիբանանյան «Հիզբալլահ» կազմակերպությանն է փոխանցել շուրջ մեկ տոննա «VХ» տեսակի տոքսիկ գազ. իրենց մոտ առկա են գործողությունը հաստատող համապատասխան փաստաթղթերը: Օր առաջ նույն լրատվամիջոցին նման բովանդակությամբ տեղեկություն էր հաղորդել նաև մեկ այլ սիրիական ընդդիմադիր` Լուայ ալ Միքդադը (ՍԱԲ)` նախազգուշացնելով, որ Դամասկոսը պատրաստվում է իր տրամադրության տակ եղած քիմիական զենքի մի մասը գաղտնի կերպով փոխանցել Իրաքին:

Ինչպես ասում են` սրանք դեռ ծաղիկներն են… Հետայսու միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի նման բնույթի ինֆորմացիայի առավել հաճախ շրջանառմանը, որն, իհարկե, հավելյալ ստուգումների, ճշգրտումների կարիք ունենալով հանդերձ, ոչ մի դրական ազդեցություն չի կարող ունենալ սիրիական ճգնաժամի քաղաքական կարգավորման փորձերի վրա: Քանի դեռ սիրիական հակամարտության արտաքին դերակատարները` Մոսկվան ու Վաշինգտոնը, ՄԱԿ-ի հովանու ներքո, ջանքեր չեն խնայում` ընդհանուր համաձայնության եզրեր գտնելու սիրիական ԶՈԶ-ի հետ կապված հարցում, նույն խնդրին սեփական միջոցներով և մեթոդներով են փորձում լուծում տալ հակամարտության ներքին խաղացողները:

Փորձագետ. Սիրիայում քիմիական զենքի մասին տեղեկություններն ավելանալու են