Բուդաղյանների փաստաբան. Առաջիկայում ես կհրապարակեմ իրական տեսագրությունը
13/09/2013 20:57

Բուդաղյանների փաստաբան. Առաջիկայում ես կհրապարակեմ իրական տեսագրությունը

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը  Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ առաջիկայում պատրաստվում է հրապարակել հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ կատարված դեպքերի իրական տեսագրությունը:

«Եթե ասում են, որ իրական տեսագրությունը և այն, ինչ կա մամուլում, իրար համապատասխանում են, ապա դրան պետք է բժշկական գնահատական տրվի: Ես առաջիկայում պատրաստվում եմ հրապարակել այն, ինչպես նաև` Ս. Խաչատրյանի տան խոհանոցի տեսագրությունը»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ քրեական գործերով ստացված բազմաթիվ փորձաքննությունների պատասխանները չեն բողոքարկվել Հ. Ալումյանի կողմից` բացառությամբ դատահետքաբանական փորձաքննության, փաստաբանը նշեց, որ դրանց պատասխանները բողոքարկման կարիք չունեն:

«Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետների եզրակացությունները ինչ-որ բան են պարունակում, որին մենք համաձայն չենք, դրանք ուղղակի իրենց կողմից յուրովի են մեկնաբանվում: Բացի նրանից, որ մենք ենք բողոքարկել, ապացուցվում է այն, ինչ մենք ենք ասում: 11 կրակոցը իրենցն է եղել և առաջին 3-ը իրենք են կրակել, և այդքանից հետո անհեթեթություն է խոսել ինքնապաշտպանության մասին»,- ասաց նա:

Հարցին` Արտակ Բուդաղյանը իր ցուցմունքում նշել է, որ կրակոցը եղել է պատշգա՞մբից, նա ասաց, որ դա տարածվել է ինչ-որ մեկի սխալ արտահայտության հետևանքով, սակայն իր ցուցմունքում Ա. Բուդաղյանն ի սկզբանե նշել է, որ կրակոցը եղել է երկրորդ հարկից:

«Իրենք ասում են, իրենք` հերքում: Թող ուշադիր կարդան իմ պաշտպանյալի ցուցմունքները»,- ասաց նա:

Անդրադառնալով ինքնաշեն զենքի առկայությանը, Հ. Ալումյանը նշեց, որ պետք չէ մի բանը մյուսի հետ խառնել: «Իրենց մոտ եղել է ինքնաշեն զենք, ասում են, չէ, թեև ինքնաշեն է, սակայն օրինական է, ասում են մի բան, որը իրականության մեջ հնարավոր չի: Այն, որ դա ինքնաշեն է, իրենք չեն վիճարկում, դա էլ կա փորձագետի եզրակացության մեջ, այնտեղ պարզ գրված է, որ ինքնաշեն զենք է»,- ասաց նա:

Հարցին` Ա. Բուդաղյանը իր ցուցմունքում չի տվել Ս. Խաչատրյանի անունը` որպես ներկայի, նա նշեց. «Ա. Բուդաղյանի ցուցմունքում կա հատված, որ ասում է, «Սուրիկ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր, սենց բան էլ չի լինի»: Լորետան հերքել է, թե ոչ, սակայն Ա. Բուդաղյանը այդ դեպքի անմիջական ականատեսն է, և նման ցուցմունք տվել է, սակայն իրենք հաշվի են առել այն կողմի ցուցմունքները, և ոչ մի տող չի գրվել այդ մասին: Այդ ձևով կարելի է ցանկացած գործ կարճել, եթե հակափաստարկներ չկան»,- ասաց նա:

Հարցին` արդյո՞ք սպասելի էր գործի նման ընթացքը, Հ. Ալումյանը նշեց, որ սա ոչ մեկի կողմից սպասելի չէր կարող լինել: «Ես ամենասկզբից ասում էի, նախաքննությունը այն ուղղությամբ է գնում, որ այն կողմի գործը հավասարեցնեն մյուսին և հավասարակշռության պատրանք ստեղծեն, բայց որ այս աստիճանի ցինիկ ձևով դա կարվի, մեր համար անսպասելի էր, ոչ ոք երևի դա չէր սպասում: Մենք կարծում էինք, որ միակ բանը, որի համար դա արվում է, դա Ս. Խաչատրյանին այս գործից հեռացնելն է, ստեղծել տպավորություն, որ Ս. Խաչատրյանը ոչ մի կապ չունի այս գործի հետ»,- ասաց նա:

Հ. Ալումյանը նաև նշեց, որ իրեն դեռևս չեն տրամադրել գործի նյութերը, սակայն ներկայացնում են իրենց տեսակետը այդ նյութերի բովանդակության վերաբերյալ:

«Ես կխոսեմ այդ նյութերի մասին, երբ դրանք կտրամադրվեն ինձ: Ես գիտեմ, որ այս գործը լուծվելու է այնպես, ինչպես հարկն է, թեև շատ ջանքեր կպահանջվեն, սակայն համոզված եմ, որ արդարադատության կհանենք, քանի որ դրա հնարավորությունը կա»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 23.40-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գետափնյա թաղամասից լսվել են կրակոցներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 1-ին, երեկոյան, Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Գորիսում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը։

Նախորդող հրապարակում` «Ավետիք Բուդաղյանին հարվածներ է հասցրել Զարզանդ Նիկողոսյանը»

«Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ եղել է թմրանյութ»

Քննչական ծառայության պետ. Բուդաղյանների վրա թիկունքից չեն կրակել

Բուդաղյանների փաստաբան. Առաջիկայում ես կհրապարակեմ իրական տեսագրությունը