Շ. Ֆյուլե. Հայաստանն այլևս ի վիճակի չի լինի նախաստորագրել այս համաձայնագիրը
13/09/2013 15:41

Շ. Ֆյուլե. Հայաստանն այլևս ի վիճակի չի լինի նախաստորագրել այս համաձայնագիրը

Հայաստանը հաստատակամ է Եվրամիության հետ շարունակել սերտ հարաբերությունները, քանի դեռ դա չի հակասի Մաքսային Միությանն անդամակցելուն: Այս մասին այսօր Արևելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հետևած ասուլիսում ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:

«Ողջունում եմ Արևելյան գործընկերության շրջանակներում մեր համագործակցությունը: Այն օգնել է, որ մեր երկրներն արդիականացվեն բազմաթիվ ոլորտներում: Մենք շնորհակալ ենք հաջողված համագործակցության համար և ակնկալում ենք, որ այն շարունակական կլինի»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Ասուլիսին ներկա Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նշեց, որ շատ ուրախ է կարճ ժամանակահատվածում Հայաստանում լինել արդեն երկրորդ անգամ ու լինել հատկապես այսքան կարևոր պահի:

«Ես այստեղ եմ եկել, որպեսզի հասկանամ, թե ինչ ձևաչափով կարող է շարունակվել մեր համագործակցությունը հայ գործընկերների հետ, որպեսզի հասկանամ, թե նրանք, որ ուղղություններով են հետաքրքրված»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն:

Լրագրողները հանձնակատարին խնդրեցին հստակեցնել` արդյոք Հայաստանը կարո՞ղ է անդամակցել Մաքսային Միությանն ու միաժամանակ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, առանց մտնելու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի.

«Էլի եմ ասում` դա հնարավոր չէ: Հայաստանն այլևս ի վիճակի չի լինի նախաստորագրել այս համաձայնագիրը, չնայած որ դրա վրա աշխատել ենք 3,5 տարի: Հիմա ես բաց եմ եկել Հայաստան, որ հասկանամ, թե ինչ ակնկալիքներ ունեն մեր հայ գործընկերները Վիլնյուսյան գագաթաժողովից»,- ասաց Շտեֆան Ֆյուլեն:

Ֆյուլեն ընդգծեց, որ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին չեն կարող առանձնանալ իրարից.

«Դրանք մի ամբողջություն են: Երկու համաձայնագիր չեն: Դա Ասոցացման համաձայնագիր է` իր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիյով: Հույս ունեմ, որ Հայաստանի հետ կկարողանանք աշխատել այլ փաստաթղթերի վրա»,- ավելացրեց Շտեֆան Ֆյուլեն:

Այսքանից հետո լրագրողներից մեկն Էդվարդ Նալբանդյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ, այնուամենայնիվ, Հայաստանն ընտրեց Մաքսային Միությունը, այն դեպքում, որ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելուց հետո հնարավոր է լինեին լուրջ ներդրումներ երկրում.

«Հայաստանն ունի լուրջ դաշնակցային հարաբերություններ Ռուսաստանի Դաշնության հետ: Սրա մասին է վկայում սեպտեմբերի 3-ին ՌԴ-ում նախագահների հանդիպումը, որի ընթացքում խոսվել է խորը և սերտ հարաբերությունների մասին: Էլի եմ ասում` Հայաստանը պատրաստ է հնարավորինս սերտ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, բայց ոչ ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների»,- ասաց ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը:

Շ. Ֆյուլե. Հայաստանն այլևս ի վիճակի չի լինի նախաստորագրել այս համաձայնագիրը