Ա. Մանուչարյան. Ռուսաստանի ճնշումը անսպասելի էր մեր քաղաքական դաշտի համար
14/09/2013 13:49

Ա. Մանուչարյան. Ռուսաստանի ճնշումը անսպասելի էր մեր քաղաքական դաշտի համար

«Շատերն այդ ստորագրությունը համարեցին ինչ-որ խնդրի ավարտ, կարծես թե Հայաստանն ամբողջ երեք-չորս տարի ապրում էր մի հարցով` դեպի Եվրոպա ենք գնում, թե՞ դեպի Ռուսաստան, և արդեն այդ բանավեճն իր ավարտին հասավ: Բայց պետք է ասեմ, որ իրավիճակը ճիշտ հակառակն է: Սա նոր պատերազմի սկիզբ է»,- այսօր, անդրադառնալով Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Մոսկվայում Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նա նշեց, որ կողմերը հույս են ունեցել, որ իրավիճակը հանգիստ է ընթանալու և որևէ խնդիր չի լինելու, բայց կատարվեց այն, ինչ կատարվեց:

«Անկասկած, այս ամենը տեղի է ունեցել շատ կոշտ ճնշման ներքո: Դժվար է պատկերացնել, որ երեք-չորս տարի Հայաստանի ամբողջ պետական պրոպագանդան, պետական այրերի ելույթները վերաբերում են նրան, թե ինչպես ենք գնում դեպի ԵՄ, և մեկ օրվա մեջ Հայաստանը փոխում է տեսակետը և պարզվում, թե ինչպես ենք ամբողջ այդ ժամանակահատվածում երազել Մաքսային միության մասին»,- նշեց բանախոսը:

Նրա համոզմամբ` այդ հարթության միջ ինչ-որ կատարվում է, միայն տեսքով է տնտեսական: Հարցի խորքային էությունը աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական է:

«Ռուսաստանի ճնշումը անսպասելի էր մեր քաղաքական դաշտի համար, բայց անսպասելի չէր արևմուտքում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում»,- նշեց Ա. Մանուչարյանը, ապա կարծիք հայտնեց, որ Հայաստանի ամբողջ պետական ապարատը գտնվում է ԱՄՆ-ի ազդեցության տակ և այն ոչ մի քայլ չի կատարի ԱՄՆ-ի կամքին հակառակ. «Այն, որ ստորագրվել է, եղել է Միացյալ Նահանգների որոշումը»,- հավելեց բանախոսը:

Նա կարծում է, որ այդպիսի ճնշման տակ Հայաստանի իշխանությունները չպետք է «ոչ» ասեին Ռուսաստանին, քանի որ դրան կհետևեր Ռուսաստանի կտրուկ հակազդեցությունը, ինչի հետևանքով սպառնալիք կառաջանար «ԱՄՆ-ի շահերից բխող պետական ապարատի» գոյության համար: Այդ պատճառով էլ, ըստ Ա. Մանուչարյանի, ԱՄՆ-ը գերադասել է «մի փոքր զիջել դիրքերը», մինչև կմշակվեն պայքարի նոր տեխնոլոգիաներ:
 

Ա. Մանուչարյան. Ռուսաստանի ճնշումը անսպասելի էր մեր քաղաքական դաշտի համար