.jpg)
Արտագաղթը նման է օրգանիզմի արյունահոսության. ՀՅԴ-ն սկսում է նոր ծրագիր
Այժմ արտագաղթի այնպիսի տեմպեր են արձանագրվում, որ օր առաջ կասեցումն անհրաժեշտ է մեր երկրի ապագայի համար։ Արտագաղթի մարտահրավերը, դրա ամբողջական ծավալների գնահատումը և վերացման գիտակցությունը հրամայական է: Այդ պատճառով էլ ՀՅԴ-ն մի քանի ամիս շարունակ աշխատել է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագրի վրա: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Արտագաղթը կոմպլեքս խնդիր է, և պետք է լուծել արտագաղթի պատճառ հանդիսացած խնդիրները։ Իսկ քաղաքական համակարգն այնպիսին է, որ թույլ չի տալիս արտագաղթի հիմքում ընկած խնդիրները լուծել օր առաջ, քանի որ իշխող կուսակցության և պետության նույնացում կա, որից պետք է ազատվել»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Արտագաղթը, պատգամավորի բնորոշմամբ, նման է օրգանիզմի արյունահոսության, և մեր երկիրը տվյալ դեպքում արյունահոսում է. «Չի կարելի թույլ տալ, որ դա հանգեցնի արյունաքամության, իսկ օրգանիմզը մեր պետությունն ու մեր հայրենիքն է»:
Եզրափակելով խոսքը` ՀՅԴ պատգամավորն ընդգծեց, որ սպասել մինչև իշխանափոխության ծրագիրը իրականացվի, սխալ մոտեցում կլինի, քանի որ անհրաժեշտ է առաջնահերթ քայլեր ձեռնարկել:
Ծրագրի վրա, Ա. Ռուսամյանի խոսքով, աշխատել են բազմաթիվ մասնագետներ, անցկացրել են մասնագիտական լուրջ քննարկումներ և այժմ, ըստ նրա, նոր փուլ, նոր էտապ սկսելու ժամանակն է: