Թալիշները դժգոհ են ՀիլալՄամեդովի նկատմամբ կայացրած դատական որոշումից
17/09/2013 20:16

Թալիշները դժգոհ են ՀիլալՄամեդովի նկատմամբ կայացրած դատական որոշումից

«Թալիշի Սադո» թերթի խմբագիր Հիլալ Մամեդովին ուղղված մեղադրանքները շինծու են: Այդ մասին իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է Թալիշ-մուղանյան հանրապետության նախագահ (1993թ.) Ալի Աքրամ Հումաթովը:

Թալիշ ազգային գործիչը «Սկայպի» միջոցով ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով «Թալիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովի ձերբակալման փաստին, նշել է. «Բոլոր թալիշները դժգոհ են Բաքվի դատարանի կողմից Հիլալ Մամեդովի նկատմամբ կայացրած որոշումից, հուսով ենք, որ սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք դատական նիստի ընթացքում Մամեդովն անմեղ կճանաչվի և ազատ կարձակվի»:

Շարունակելով թեման՝ Հումաթովը հավելել է. «Հիլալ Մամեդովին ուղղված մեղադրանքները շինծու են, սա Բաքվի կառավարության վաղեմի հնարքներից է, որը կիրառվում է թալիշների նկատմամբ, որպեսզի նրանց գործողությունները սահմանափակեն»:

Իրանական կայքը տեղեկացնում է, որ «Թալիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը թմրանյութեր կրելու և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ կապ ունենալու անհիմն մեղադրանքով շուրջ մեկ տարի առաջ Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ վերջերս իրանական «TV Iran Aryaee» հեռուստաալիքն «Թալիշները Բաքվի շովինիստական ռեժիմի տիրապետության ներքո» հաղորդման շրջանակներում  անդրադարձել էր Ադրբեջանի Հանրապետությունում ապրող թալիշների խնդիրներին:

Նախորդող հրապարակում՝ Ո՞վ է Հիլալ Մամեդովը. Իրանի լրտե՞ս, քաղբանտարկյա՞լ, թմրամո՞լ, անջատողակա՞ն