.jpg)
Կարեն Սարիբեկյան. Ադրբեջանին պետք է «կարգի հրավիրել»
«Ադրբեջանը, պարզ լեզվով ասած, հայտարարում է, որ չի հրաժարվելու իր քաղաքականությունից ու շփման գծում անընդհատ պրովոկացիաների է գնալու»,- մեկնաբանելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը` Aysor.am-ին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե ադրբեջանական պետությունը, պաշտպանության նախարարությունը հրաժարվում են կատարել «ռազմաճակատի գծից» դիպուկահարներին հեռացնելու՝ միջազգային կազմակերպությունների պահանջները. «Մենք չենք հեռացնի դիպուկահարներին` մինչև պատերազմի ավարտը»:
Սարիբեկյանի խոսքով` Ադրբեջանը աշխարհի հետ խոսում է շանտաժի լեզվով, ինչն անթույլատրելի է ու կարող է լուրջ հետևանքների հանգեցնել:
«Անհրաժեշտ է այդ երկրի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը շտապ «կարգի հրավիրել», թե չէ ուշ կլինի: Ադրբեջանը նաև ստուգում է միջազգային հանրության զգոնությունը՝ տեսնելու, թե ինչ արձագանք կգտնի իր հայտարարությունը: Եթե կոշտ արձագանք չլինի՝ Ադրբեջանը կիրագործի իր «խոստումը» ու սահմանին սադրանքներ կիրականացնի»,- նշեց պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Ադրբեջանի ՊՆ. Դիպուկահարներին չենք հեռացնի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել