Համբուրվելիս զգո՛ւյշ եղեք
17/09/2013 20:46

Համբուրվելիս զգո՛ւյշ եղեք

Համբուրվելիս դժվար թե առաջին հերթին մտածեք վտանգների մասին, բայց պարզվում է՝ արժի. մեզ վիրուսներ ու ինֆեկցիաներ են սպառնում հարաբերությունների ճոխ զարգացման գագաթնակետին: Վայելեք հաճույքի հորմոնների` էնդորֆինների բարերար ազդեցությունը Ձեր առողջության, մասնավորապես նյարդային ու հոգեկան համակարգերի վրա, բայց նաև մի մոռացեք պաշտպանված լինել հաճույքի տհաճ անակնկալներից:

Համբույրի մութ կողմերի մասին զրուցել ենք Երևանի թիվ 1 պոլիկլինկայի սեքսապաթոլոգ, հոգեթերապևտ, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դոցենտ Մարատ Զաքարյանի հետ:

«Շատ հաճախ են համբույրի միջոցով տարածվում ստրեպտո-ստաֆիլոկոկային ինֆեկցիաներ, վիրուսներ (ցիտոմեգալովիրուս, հերպես), վերջիններս բավական դժվար բուժվող հիվանդություններ են»,- նշեց սեքսապաթոլոգը` հավելելով, որ նրանց թերի բուժման կամ չբուժվելու դեպքում կարող են և' տղամարդկանց, և' կանանց մոտ առաջանալ վերարտադրողական ֆունկցիաների խանգարումներ, ընդհուպ անպտղություն: Հղիության ժամանակ վիրուսները հաճախ կարող են դառնալ պտղի արհեստական ընդհատման պատճառ: Մասնագետի խոսքով՝ համբույրի ճանապարհով փոխանցվող շատ լուրջ հիվանդություններից է նաև սիֆիլիսը:

Ի՞նչ անել: «Ե'ւ տղամարդիկ, և' կանայք առաջին հերթին պետք է հետևեն իրենց անձնական հիգիենային, մասնավորապես բերանի խոռոչի մաքրությանը: Կարևոր նշանակություն ունի ատամների, լնդերի, կոկորդի ըմպանի հիգիենան: Եթե կան բորբոքային երևույթներ, ապա պետք է բուժել: Բացի բերանի խոռոչի հիգիենայից շատ մեծ դեր ունի նաև շնչական համակարգի (քթի լորձաթաղանթի, նաև հայմորիդ, ֆրոնգիդ, խրոնիկ բրոնխիտ, խրոնիկ թոքաբորբ), ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների բուժումը»,- ասաց մասնագետը:

Ինչպես նշեց Մարատ Զաքարյանը, հիշյալ հիվանդությունների ժամանակ կարող է բերանի խոռոչի տհաճ հոտ ու համ առաջանալ, որը հակառակ սեռի մոտ կառաջացնի անցանկալի զգացողություններ, ինչը կարող է խորանալ մինչև սեռական ավերսիա (զզվանք ինտիմ հարաբերություններից):

Սեքսապաթոլոգը խորհուրդ տվեց համբուրվողներին լինել միմյանց նկատմամբ սիրալիր, հարգալից, փորձել ստանալ հաճելի պահեր`  ապահովելով հիգիենան: 

Համբուրվելիս զգո՛ւյշ եղեք