Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջ. Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ
17/09/2013 17:37

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ջ. Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գաֆեսճյանների ընտանիքին՝ ազգային բարերար Ջերարդ Լ. Գաֆեսճյանի մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից: 

Նախագահի ցավակցական հեռագրում ասված է.

«Տարիներ շարունակ պարոն Գաֆեսճյանը ծանրակշիռ ավանդ է ունեցել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ամրապնդելու գործում: Նրա գործունեությունն օրինակ էր ծառայում բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում էին շոշափելի օժանդակություն ցուցաբերել մայր Հայաստանին: Բարձր եմ գնահատում նրա ազգանվեր նախաձեռնությունները: Հմուտ կազմակերպչի և առատաձեռն ու անշահախնդիր բարերարի նրա կարողությունները լավագույնս դրսևորվեցին երևանյան կասկադի կերպարանափոխման և «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ստեղծման գործում, որն իրավամբ դարձավ մեր մայրաքաղաքի ամենասիրված և ճանաչված վայրերից մեկը:

Կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Ջերարդ Գաֆեսճյանի հարազատներին, բարեկամներին և ընկերներին»: