.jpg)
Սեյրան Օհանյան. Բանակը պատերազմ է հայտարարում փողոցային բարքերին
Բանակն այսուհետ պատերազմ է հայտարարում փողոցային բարքերին: Այս մասին այսօր ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Այո', մենք հայտարարում ենք պատերազմ: Ես ուզում եմ, որ մենք միասին պայքարենք այն բարքերի դեմ, որոնք այսօր հաճախ նորմալ են համարվում քաղաքացիական կյանքում ու քարոզվում են անգամ հեռուստատեսությամբ: Դա ամենամեծ սխալներից մեկն է, քանի որ մեր երեխաները ամենից հաճախ սկսում են դա նորմալ համարել: Սկսում են նմանվել մարդկանց, ում նմանվելն ուղղակի մեծ սխալ է: Եվ էլ որտե՞ղ պետք է պայքարենք այդ բարքերի դեմ, եթե ոչ բանակում ու այն կրթօջախներում, ուր երեխաները կրթություն են ստանում»,- ասաց Սեյրան Օհանյանն ու ընդգծեց, որ 2014 թ.-ն այդ առումով բեկումնային է լինելու:
«Կարծում եմ, որ 2014 թ.-ից սկսած մենք կարող ենք լոկոմոտիվի դեր կատարել, որպեսզի հասարակության մեջ վատ բարքերը կանխարգելվեն, վերանան»,- ասաց նախարարն ու ընդգծեց, որ ստեղծված բացասական տրամադրությունների դեմ կարելի է պայքարել միայն դրականը վեր հանելով.
«Դրականը կա մեր հասարակության մեջ ու մենք պետք է գտնենք, ցույց տանք այդ դրականը: Պետք է գտնենք լավագույն գյուղացուն, լավագույն բանվորին, ուսուցչին, գործարարին ու ներկայացնենք նրանց մեր երիտասարդներին: Երիտասարդը չպետք է մեծանա փողոցային բարքերով ու հետագայում չպետք է այդ բարքերն իր հետ ներարկի բանակ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նախորդող հրապարակում՝ Ս. Օհանյան. Միշտ չէ, որ հրամանատարը զինվորի հետ պետք է հրամանի լեզվով խոսի