.jpg)
«ՀԱԿ-ի մոտ փաստարկները բացակայում են»
ՀԱԿ խմբակցոթյան անդամ Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, որ ՀԱԿ որոշել է բոյկոտել Էթիկայի հանձնաժողովի նիստերը՝ համարելով, որ ընդդիմությունը արդար վճռի հասնելու հնարավորություն չունի: Ստեղծված իրավիճակի շուրջ Aysor.am-ը զրուցեց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ:
«Երբ փաստարկները բացակայում են՝ սկսում են իրենց խնդիրները բարդել մեկ այլ ուժի վրա: Համենայնդեպս Էթիկայի հանձնաժողովն այն վայրն է, որի քննարկումներին ոչ միայն պատգամավորներն են մասնակցում, այլ շահագրգիռ կազմակերպություններն ու հասարակական գործիչները:
Այս հանձնաժողովը դատարան չէ, որ վճիռներ կայացնի, այն լայն քննարկումների հնարավորություն է ընձեռում և երբ հանձնաժողովում քննարկվում է այս կամ այն պաշտոնյայի վարքը կամ քայլերը, դա արդեն իսկ արդյունք է»,- նշեց Հ. Սահակյանը:
Նրա խոսքով, կանոնակարգը հստակ սահմանում է, թե ով, ինչ դերակատարություն ունի, հստակ սահմանված է նաև հանձնաժողովի նախագահի նշանակման ռոտացիոն կարգը:
Հարցին, թե ինչպես կգնահատեք էթիկայի հանձնաժողովի աշխատանքների արդյունավետությունը, պատգամավորը նշեց. «Աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար պետք է հետևյալ տեսանկյունից դիտել այն. հանձնաժողովի ստեղծման օրվանից, տարբեր անձնանց հետ կապված, հանձնաժողովը դիմումներ է ընդունել: Այն, որ տարբեր գործիչների հարցը մտնում է հանձնաժողովի օրակարգ, արդեն իսկ տվյալ անձի համար մտահոգիչ է, էլ չեմ ասում, որ այդ հարցերը հասարակական հնչեղություն են տալիս: Շատերի համար իր անձի հետ կապված հարցերի հասարակական հնչեղություն ստանալն ավելի ցավոտ է, քան, ասենք, տուգանքների սահմանումը: Միայն սա հերիք է հանձնաժողովի աշխատանքն այս տեսանկյունից բնականոն համարելու համար»:
Վերջինս նաև ընդգծեց, որ հանձնաժողովի առկայությունը զսպիչ ազդեցություն ունի, ինչը հնարավորություն է տալիս զերծ մնալ տարբեր դրսևորումներից: