.jpg)
Ռունի. «Մոյեսը հիանալի մարզիչ է»
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին խոստովանել է, որ Դևիդ Մոյեսի ինտենսիվ մարզումները դրական ազդեցություն են թողնում իր խաղի վրա: Իսկ դեռևս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ոեյնը չէր ցանկանում մնալ «մանկունյանցիների» շարքում և ուզում էր մարզական կարիերան շարունակել մեկ այլ թիմում:
Դա կարող էր տեղի ունենալ, առավել ևս, որ Ռունին մարտականորեն էր տրամադրված, մինչդեռ ակումբի ղեկավարությունը հայտարարեց, որ նրան չի վաճառում: Հարձակվողը մնաց և բավական լավ է սկսել 2013/2014 թթ. մրցաշրջանն ու իր ակտիվում ունի 3 գոլ և նույնքան էլ գոլային փոխանցում: Եվ հիմա նա կարծես թե քավում է իր մեղքը…
«Նոր մարզչի գալով փոխվեց նաև մոտեցումը մարզումներին: Մենք ավելի ինտենսիվ ենք պարապում, ինչը շատ է օգնում ինձ: Ուրախ եմ, որ կրկին խաղում եմ:
Մոյեսը հիանալի մասնագետ է և արժանի է իր զբաղեցրած պաշտոնին: Ինձ հաճելի է հանդես գալ նրա գլխավորած թիմում և հուսով եմ, որ միասին կկարողանանք մեծ հաջողությունների հասնել:
Ինչ վերաբերում է Ռոբին վան Պերսիին, ապա ուզում եմ ընդգծել, որ մենք լավ ընկերներ ենք: Մեր միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մենք խաղադաշտից դուրս ընկերներ ենք, իսկ դրա սահմաններում օգնում ենք մեկս մյուսին: Մարզիչը հասկացրել է, որ մեզանից մեկը խաղում է առջևում, մյուսը` նրանից հետ: Կարևոր չէ, թե որ դերն ինձ բաժին կհասնի: Հուսով եմ, այս մրցաշրջանում մեր զույգը հաճախ աչքի կընկնի»,- նշել է Ռունին: