ՀՀ Նախագահը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում
19/09/2013 15:54

ՀՀ Նախագահը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին ելույթով հանդես կգան ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Սերբայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը և Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։

ԵԽԽՎ օրակարգում ընդգրկված է նաև ազգային անվտանգության և ինֆորմացիայի հասանելիության, երեխաների իրավունքների, Բոսնիա և Հերցեգովինայի ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ քննարկումներ։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող, ԵԽԽՎ-ին կներկայացնի կատարված աշխատանքները և կպատասխանի ԵԽԽՎ անդամների հարցերին։

ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ևս ուղերձ է հղելու խորհրդարանականներին։

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին օրը տեղի կունենա Վացլավ Հավելի մարդու իրավունքների մրցանակի շնորհման արարողությունը, որը տրվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս մարդու իրավունքների համար պայքարելու համար։
 

ՀՀ Նախագահը ելույթ կունենա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում