Թուրքիայի հանրային կողմնորոշումները. Transatlantic Trends 2013
19/09/2013 21:24

Թուրքիայի հանրային կողմնորոշումները. Transatlantic Trends 2013

Հրապարակվել է «Transatlantic Trends 2013» հասարակական հարցումների այս տարվա հերթական զեկույցը, որում բավական հետաքրքիր միտումներ կան Թուրքիայի հասարակական կողմնորոշումների հետ կապված: Հատկապես` զեկույցում ներկայացված են թուրքական հասարակության կողմնորոշումները ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի ու արտաքին քաղաքական հիմնախնդիրների նկատմամբ: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում զգալիորեն նվազել է հանրային աջակցությունը: Հարցվածների միայն 44 %-ն է նշել, որ ԵՄ-ին անդամակցումը դրական է: Նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 47 %, իսկ 2004 թ.` ամենաբարձրը (մոտ 70 %): ԵՄ անդամ երկրներում հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայի անդամակցությանը կողմ է հարցվածների միայն 20 %-ը, մինչդեռ 33 %-ը բացասական են արտահայտվել:

ՆԱՏՕ-ի հարցում ցուցանիշները հավասարապես կիսվել են: Հարցվածների 39 %-ը գտնում է, որ ՆԱՏՕ-ն էական է Թուրքիայի անվտանգության համար, իսկ 39 %-ը այն էական չի համարում: Ի տարբերություն ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների` Թուրքիայի հանրության կողմից դաշինքի նկատմամբ վստահության ցուցանիշը զգալի ցածր է: ՆԱՏՕ-ի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցողների մեծամասնությունը (70 %) անհրաժեշտ է համարել Թուրքիայի համար ինքնուրույն, անկախ պաշտպանական քաղաքականությունը` անհրաժեշտ համարելով պաշտպանական ծախսերի ավելացումը:

Հարցվածների միայն 15 %-ն է կողմ արտահայտվել ռազմական ծախսերի կրճատմանը: Նախորդ տարիների համեմատ նվազել է նաև Աֆղանստանում թուրքական կոնտինգենտ պահելու հանրային աջակցության ցուցանիշը, և հարցվածների 51 %-ը բացասական է վերաբերում այդ հարցին: Թուրքիայի արտաքին քաղաքականությանը հավանություն է տվել հարցվածների 51 %-ը: Հարցվածների 72 %-ը կողմ է արտահայտվել, որպեսզի Թուրքիան ձեռնպահ մնա Սիրիայի դեմ գործողություններից: Նախորդ տարի հարցվածների 57 %-ն էր այդպես պատասխանել: Միայն 21 %-ն է հավանություն տվել Սիրիայի դեմ Թուրքիայի միջամտությանը:

Թուրքական հանրության հիմնական մասը ցանկանում է, որպեսզի Թուրքիան արտաքին քաղաքականության հարցերում ինքնուրույն գործելու ազատություն ունենա, այլ ոչ թե համագործակցի ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ տարածաշրջանային երկրների հետ:

Բավական հետաքրքիր է, որ արտաքին քաղաքական հարցերում, միջազգային քաղաքականության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության կողմնակիցներն ավելի շատ են, քան դաշնակից ԱՄՆ-ի հետ: Միջազգային քաղաքականության ոլորտում ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության կողմնակից է հարցվածների միայն 9 %-ը, իսկ ԵՄ-ի հետ` 21 %-ը: Եվ միայն 2 %ն է գտնում, որ միջազգային քաղաքականության մեջ պետք է սերտ համագործակցել Ռուսաստանի հետ: 

Թուրքիայի հանրային կողմնորոշումները. Transatlantic Trends 2013