.jpg)
Ահարոն Ադիբեկյան. Հայաստանը սխալ օգտագործեց իր անկախությունը
Անկախության այս տարիներին մեր ամենամեծ կորուստը 2 միլիոն 300 հազար հայն է: Մենք այսօր պետք է ունենայինք 5 միլիոն բնակչություն, սակայն ունենք 2 միլիոն 700 հազար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով անկախ Հայաստանի նվաճումների ու կորուստների մասին, ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
«Մեր տնտեսության զգալի մասը հիմնված էր համամիութենական սկզբունքի վրա, անկախության հետ` դա կորցրեցինք: Բացի այդ կրկնակի անգամ կրճատվեց մեր բնակչությունը: Եթե մենք ունենայինք 5 միլիոն բնակչություն, կունենայինք նաև լուրջ շուկա, լուրջ աշխատուժ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանն ու ավելացրեց, որ անկախությունն այդքան էլ կարևոր չէ երկրի համար.
«Կարևորը, որ մարդն ունենա աշխատանք ու կարողանա արժանապատիվ ապրել իր երկրում»:
Միաժամանակ սոցիոլոգի կարծիքով Հայաստանը սխալ օգտագործեց իր անկախությունը.
«Անկախանալով մենք կորցրեցինք հզոր տնտեսությունն ու այդ դեպքում պետք է գոնե պահպանեինք Ռուսաստանի հետ սերտ տնտեսական համագործակցությունը: Այնպես որ, կարծում եմ, Մաքսային միությանը միանալու որոշումն ամենաճիշտն էր անկախ Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: