Կենսաթոշակային էլեկտրոնային համակարգը ամբողջապես վերահսկելի է
20/09/2013 18:55

Կենսաթոշակային էլեկտրոնային համակարգը ամբողջապես վերահսկելի է

2013 թ.-ի հունիսի 1-ից կենսաթոշակների բաշխումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, հենց առաջին ամսին 6 հազար կենսաթոշակառուների հետ կապված խնդիրներ առաջացան: Թեման Aysor.am-ը շարունակում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Արայիկ Պարոնյանի հետ:

- 2013 թ.-ի հունիսից կենսաթոշակների բաշխումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով, կասեք համակարգում ի՞նչ խնդիրներ առաջացան:
- Այո, 2013 թ-ից անցել ենք էլեկտրոնային վճարման համակարգին, համակարգը փորձնական գործում է 2012 թ.-ի սեպտեմբերից` կենսաթոշակային արագ վճարման համակարգին զուգահեռ: Նոր համակարգը թույլ է տալիս ամբողջապես վերահսկելի դարձնել տարածքային բաժինների կողմից մուտք արվող դիմումները, դիմումների քննման  ընթացքը, կայացված որոշումները և այլն:

Համակարգը գործարկելու ժամանակ, հունիս ամսին, ի հայտ եկան 6000 կենսաթոշակառուների հետ խնդիրներ: Սեպտեմբերին արդեն 200 կենսաթոշակառուի հետ խնդիր ունենք: Հիմնական խնդիրները կապված էին կենսաթոշկառուների ոչ ամբողջական տվյալների, պետական ռեգիստրում հաշվառված կամ չհաշվառված լինելու հետ, իսկ եթե պետական ռեգիստրում քաղաքացու տվյալները չկան, ապա նոր համակարգը թույլ չի տալիս, որ այդ քաղաքացու հետ կապված շարունակվեն հետագա գործողությունները:

- Չգիտեի՞ք, որ հունիսին էլեկտրոնային համակարգը գործարկելով՝ խնդիրներ կառաջանան:
- Իհարկե գիտեինք, որ խնդիրներ կառաջանային, բայց մենք չէինք կարող բոլոր քաղաքացիներին կանչեինք-ասեինք, որ գիտեք, դուք պետական ռեգիստրում հաշվառված եք կամ հաշվառված չեք: Տվյալների փոխանցումը` արագ համակարգից էլեկտորնային համակարգի աստիճանաբար է տեղի ունեցել. երբ ամբողջությամբ ցուցակագրվել է և էլեկտորնային համակարգով ամբողջական ցուցակ ենք տպագրել: Այն անձինք, ովքեր իրենց փաստաթղթային տվյալների հետ խնդիրներ են ունեցել, չեն ցուցակագրվել:

- Նախորդ համակարգը թերություններ ունե՞ր:
- Տվյալները ոչ թե էլեկտրոնային կամ ինքնաշխատ ձևով էին մշակվում, այլ մեխանիկական եղանակով` ձեռքով էին մուտք արվում համակարգ` լրավճարներ, գումարներ, կենսաթոշակի չափ և այլն:

Արագ վճարման համակարգը գործում էր 2001 թ-ից, ծրագրով ամբողջանում էին կենսաթոշակառուների տվյալները, և ուղարկում վճարման, արագ վճարման ծրագրով տվյալների մշակման ամբողջ պրոցեսում մասնագետների ազդեցությունը համակարգի վրա մեծ էր: Ցանկացած տեսուչ կարող էր ցուցակ մուտքագրել ցանկացած քաղաքացու. դա վերահսկելի չէր, և հեշտ չէր 500 հազար կենսաթշակառուների շարժը վերահսկել:

- Ի՞նչ է լինելու այն կենսաթոշակառուների հետ, ովքեր կենսաթոշակ չեն ստացել:
- Հենց այդ կենսաթոշակառուները ի հայտ գան, տեղում կպարզենք նրանց խնդիրները` կենսաթոշակի իրավունքի հետ կապված: Խնդիրն այն չի, որ իրավունք ուներ, կարող է դուրս մնալ և չստանալ, նման բան չկա, եթե քաղաքացին ցուցակներից դուրս է մնացել, ապա չստացած կենսաթոշակները գումարելով կստանան ողջ կենսաթոշակը:

- Որքա՞ն գումար է վճարվում կենսաթոշակային համակարգի միջոցով:
- Յուրաքանչյուր ամիս 13 մլրդ դրամի կարգի գումար է վճարվում, վերջին տարիներին այդ գումարը գրեթե անփոփոխ է մնում: 

- Որքա՞ն կենսաթոշակառուներ չեն ստանում իրենց թոշակները:
- Կենսաթոշակառուներ 500 հազար են, մոտ 10 հազար կենսաթոշակառու չի ստանում. Գուցե չեն ցանկանում ստանալ. Գուցե ցանկանում են գումարը հավաքել:

- Ի՞նչ է տեղի ունենում, երբ թոշակառուն իր թոշակը չի նստանում:
- Կան անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացողներ և եթե մեկ տարի անկնախիկ եղանակով թոշակառուն իր թոշակը չի ստանում ու մեկ տարի անց բանկ չի ներկայանում, նա ցուցակներից դուրս է մնում, իսկ գումարը դեպոնենտացվում է:

Եթե քաղաքացին հետո ներկայանա կարող է վերջին մեկ տարվա թոշակը ստանա, այպես է կարգը:

Եթե սոցիալական կենսաթոշակ ստացողները մեկ տարի չեն ստանում իրենց թոշակը, ապա նրաց սոցիալական կենսաթոշակային իրավունքը դադարեցվում է, աշխատանքային կենսաթոշակ ստացողների համար` 60 ամիս է: Անկանխիկ ստացողները պետք է տարեկան մեկ անգամ բանկում հայտարարություն տան` Հայաստանում գտնվելու վերաբերյալ, հակառակ դեպքում` գումարները չեն փոխանցվի նրանց բանկային հաշվին:

- Վերջերս վարչապետն անդրադարձավ ոլորտին, նշեց, որ համակարգում մարդիկ կան, ովքեր խոչընդոտում են նոր համակարգին, կարող եք ասել ի՞նչն էր խնդիրը:
- Դեպքեր կան, երբ քաղաքացին դիմում ներկայացրել, կային տեսուչներ, ովքեր դիմումները արհեստական ձգձգում էին: Մեր աշխատակիցները աշխատել են նախկին համակարգում, իսկ այժմ նոր համակարգ է ձևավորվել, իսկ աշխատողները տարիքային առումով, հիմնականում, միջին տարիքից բարձր են, արագ չեն կարողանում հարմարվել:

Հաշվի առնելով քաղաքացիների դժգոհությունները և բողոքները` 2013 թ.-ին աշխատանքից ազատվել է 64 մասնագետ, նկատողություն է ստացել 53 աշխատող.

- Որքա՞ն աշխատավարձ են ստանում տեսուչները:
- Աշխատավարձ են ստանում՝ համաձայն քաղծառայողների վարձատրության մասին օրենքի: 

Կենսաթոշակային էլեկտրոնային համակարգը ամբողջապես վերահսկելի է