Արմեն Մարտիրոսյան. Առանց ՀՀ քաղաքացու` եռագույնը ոչինչ է
20/09/2013 19:36

Արմեն Մարտիրոսյան. Առանց ՀՀ քաղաքացու` եռագույնը ոչինչ է

Շնորհավորում եմ ձեր անկախության օրը, որովհետև մենք ստացել ենք դրա իրավունքը մեր կամարտահայտությամբ: Այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին իր ելույթը սկսեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«22 տարի առաջ գրեթե 2.5 միլիոն քաղաքացի իր ուղիղ հրամայականն ու պահանջը իրացրեց ու հաստատակամ ասեց` Հայաստանի Հանրապետությունն անկախ է: Այսքանից հետո որևէ մեկն այլևս իրավունք չունի թեկուզ հանրաքվեով փոխել Հայաստանի կարգավիճակը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանն ու ավելացրեց.

«Անկախության հանրաքվեից հետո Հայաստանում` տարիների ընթացքում, իշխանությունների ջանքերով այդքան քվեարկող չմնաց և հիմա փաստացի ոչ մեկն իրավունք չունի փոխել այն, ինչը ձեռք է բերվել 1991 թվականին: Իրավունք չունի փոխել այն ձեռքբերումը, որին մասնակցել է Հայաստանում ապրող մեր ազգի 95 տոկոսը»:

Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ նաև Հայաստանի` Մաքսային Միությանն անդամակցելու որոշմանը նշելով, որ ստորագրելով Ասոցացման համաձայնագիրը Հայաստանը չէր կորցնի լավ հարաբերությունները Ռուսաստանի հետ.

«Եվ ընդհանրապես, եկեք ռուսներից ավելի ռուսասեր չլինենք: Տեսնում ենք, որ իրենց երկրում էլ քաղաքացիները դժգոհ են իշխանություններից: Պիտի ասեմ, որ Մաքսային այդ միությանը միանալով միայն կարագանա արտագաղթը մեր երկրից: Այսօր Երևանի փողոցները զարդարում են եռագույնով: Եռագույն կա նաև իմ մեջքին, բայց այդ եռագույնը միայն երեք գույն չէ: Եռագույնի մեջ մենք Հայաստանի քաղաքացուն պիտի տեսնենք ու պիտի հասկանանք, որ առանց այդ քաղաքացու, եռագույնը ոչինչ է»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

 

Արմեն Մարտիրոսյան. Առանց ՀՀ քաղաքացու` եռագույնը ոչինչ է