.jpg)
Իրանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը, հնարավոր է, կայանա Նյու Յորքում
Նյու Յորքում, հնարավոր է, կայանա Բարաք Օբամայի և Հասան Ռոհանիի հանդիպումը: Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարությամբ է հանդես եկել Սպիտակ տան մամլո խոսնակը:
Հաղորդագրության համաձայն՝ Սպիտակ տան մամլո խոսնակ Ջեյ Քարնին, անդրադառնալով ՄԱԿ-ի ԳԱ նիստի շրջանակներում ԻԻՀ և ԱՄՆ նախագահների հնարավոր հանդիպմանը, մասնավորապես ասել է. «Եթե միջուկային խնդրի հարցում Իրանի հղած «մեսիջները» լուրջ լինեն, ապա հնարավոր է, որ Նյու Յորքում կայանա Օբամա-Ռոհանի հանդիպումը»:
Ջեյ Քարնին, անդրադառնալով օրերս ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի՝ ամերիկյան «ԷնԲիՍի» հեռուստաալիքին տված հարցազրույցին ասել է. «Ռոհանին այդ հարցազրույցում դրականորեն էր խոսել հավանական հանդիպման մասին, սակայն գործողությունները խոսքերից կարևոր են»:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, «ԷնԲիՍի» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով իր և Բարաք Օբամայի հանդիպման հավանականությանը, նշել է. «Օրակարգում Օբամայի հետ հանդիպման հարց ընդգրկված չէ, սակայն քաղաքանության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, իհարկե, դա կապված կլինի ի հայտ եկող հանգամանքներից»:
Նկատենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունները խզվեցին 1979 թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո: Ներկայում Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնում է Շվեյցարիայի դեսպանությունը: