Դեղերի սկանդալ. Հայաստանում «Heel» պաշտոնապես չկա, բայց կարելի է գտնել
20/09/2013 18:24

Դեղերի սկանդալ. Հայաստանում «Heel» պաշտոնապես չկա, բայց կարելի է գտնել

Վերջին ամիսներին Ուկիրաինայում դեղատներից հաշված օրերի ընթացքում անհետացան մեծ պահանջարկ ունեցող «Heel» ընկերության դեղամիջոցները, որից հետո դեղերը կեղծելու համար 4 տարվա ազատազրկման դատապարտվեց ընկերության ուկրաինական ներկայացուցչության տնօրենը:

Դեղագործական ոլորտի այս սկանդալը, պարզվում է, Հայաստանում մեծ արձագանք չի ստացել: Դա ունի իր օբյեկտիվ պատճառը, հավաստիացնում է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը:

«Այդ ընկերության արտադրանքը 2010 թ. այլևս պաշտոնապես չի ներկրվում Հայաստան, քանի որ արդյունավետ չէր»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա, սակայն, չբացառեց, որ ամեն դեպքում նման դեղեր ոչ օրինական ճանապարհով կարող են հայտնվել մեր երկրում:

Կենտրոնում հասկանալի պատճառներով չեն սիրում խոսել այդ ոչ օրինական ճանապարհների մասին. միգուցե որևէ մեկին այդ ճանապարհը դուր գա և օրինականից դյուրին թվա, սակայն ամեն դեպքում դրանց գոյությունը չի կարելի բացառել:

Հանրապետություն մաքսակետով մուտք գործող բոլոր դեղերամիջոցները փորձաքննություն են անցնում այս փորձագիտական կենտրոնում: Մինչև այդ նշենք, որ փորձաքննություն անցնում են այն դեղամիջոցները, որոնց արտադրող ընկերությունները ունեն լիցենզիա Հայաստանում:

Ամեն օր դեղերի փորձագիտական կենտրոն բերվում են հսկայական պարկերով դեղամիջոցներ, որոնք դեղատներում հայտնվելուց առաջ անցնում են բազմաթիվ փորձաքննություններ` տուփի մակնշումից սկսած՝ մինչև քաշը, հոտը և այլ հատկությունները: Տուփի փորձությունը չհաղթահարող դեղերը միանգամից դուրս են մնում մրցակցությունից:

Մեր երկրում դեղերը կարող են ունենալ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն մակնշում, այլապես նշանակում է, որ դրանք մեր երկրի համար արտադրված չեն:

Սակայն այստեղ էլ օրենքը կարելի է շրջանցել, քանի որ դեղերի փորձագիտական կենտրոնի լիազորությունները այստեղ ավարտվում են: Նրանք չեն կարող ստուգում անցկացնել, ասենք, գնացքով, ավտոբուսով որևէ անձի կողմից բերված դեղերի դեպքում, քանի որ, ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց կենտրոնի փոխտնօրեն Ալբերտ Սահակյանը, օրինական ճանապարհով հանրապետություն կարելի է բերել նույն դեղից մինչև երեք տուփ, և այդ քանակությունը փորձաքննություն չի անցնում:

Խնդիրը փորձաքննությամբ չի ավարտվում, քանի որ Հայաստանում դեղատներում վաճառվող դեղերը վերահսկող մարմինը նոր է ստեղծվում, իսկ առայժմ միայն դեղերի գների մոնիթորինգ իրականցնում է Դեղերի փորձագիտական կենտրոնը:

Հ. Գ. Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում գործող վիրաբույժներից մեկը, ում անունը հասկանալի պատճառներով չենք նշում, մատնանշեց այն դեղատունը, որտեղից կարելի է գտնել «Heel» ընկերության արտադրանքը: Շարունակելի...

Դեղերի սկանդալ. Հայաստանում «Heel» պաշտոնապես չկա, բայց կարելի է գտնել