.jpg)
Անկախության օրը պարգև ստանալը հպարտություն է. Պարգևատրված գործիչներ
«Եթե մի բառով ասեմ, ապա Անկախության օրը նման պարգև ստանալը հպարտություն է»,- Նախագահի կողմից Մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն արժանացած Հայաստանի պետական ֆիլարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանն այսօր նախագահական նստավայրից հեռացավ ոգևորությամբ և մեծ հպարտությամբ:
Պարգևատրումից հետո լրագրողների հետ զրույցում Մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն ասաց՝ շոյված է, որ արժանացել է նման պարգևի:
«Որքան էլ դու աշխատես, եթե որևէ մեկը չի նկատում ու չի գնահատում քո արածը, նշանակում է անարդյունք ես աշխատում, ոգևորվածության պակաս է նկատվում: Իսկ այսօր ստացած պարգևը նոր նախաձեռնությունների, նոր գաղափարների, աշխատանքային հաջողությունների համար կարող է դառնալ հիմք և ներշնչանք»,- ասաց նա:
Նշենք, որ այսօր Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Իսկ ահա գեղանկարիչ Սամվել Լաճիկյանն անկախությունն ու ազատությունը պատկերազարդում է գունապնակի բոլոր գույներով: Նա նույնպես իր կատարած աշխատանքի և հաջողությունների համար այսօր նախագահական նստավայրում արժանացել է մեդալի:
«Յուրաքանչյուր մարդու համար ցանկալի է արժանանալ գնահատականի, գովասանքի: Բոլորին էլ հաճելի է, երբ աշխատում ես և աշախատնքդ գնահատում են»,- ասաց նա:
Նախագահի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով է պարգևատրվել նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Մուրադ Սարգսյանը, ով հպարտությամբ նշեց, որ 30 տարուց ավելի է ինչ ծառայում է հայրենիքին:
«Քանի ողջ եմ, շարունակելու եմ ծառայել ժողովրդիս: Այսօր մեր բանակը կայուն է, իր առջև դրված ցանկացած առաջադրանք կկատարի: Մենք ունենք հզոր բանակ, որը ժողովրդի կողքին է»,-ասաց նա: Մուրադ Սարգսյանը վստահեցրեց, որ հայոց բանակը կայուն է և հզոր, ու այն չի կարելի համեմատել 1992-ի բանակի հետ:
Անկախության օրվա առթիվ այսօր Մովսես Խորենացու մեդալի արժանացավ նաև Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր երիատասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով վերջին երկու-երեք տարիների ընթացքում բազմաթիվ նվաճումներ է ունեցել:
Նա նկատեց, որ կցանկանար նվագել Բեռլինի և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ: Ինչ վերաբերում է հայրենիքի ներդրումներին, ապա թավջութակահարը ցանկանում է այստեղ վարպետության դասեր անցկացնել, փառատոններ կազմակերպել երիտասարդ կատարողների համար: